Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավոր  Իշխան Բարսեղյանի գործով դատաքննությունն ավարտվեց (տեսանյութ)

Հասարակություն
ishxan-barsexyan

Դատավոր Իշխան Բարսեղյանին մի անգամ պարտադրաբար են ներկայացրել  իր գործով դատական նիստին: Այսօր դատարանում հիշեց այդ օրը. «Ոչ պատշաճ վիճակում, հողաթափերով, ոտաբոբիկ եւ այլն»:  Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանն այսօր, սակայն,  դատավոր Վաչե Մարգարյանին այլ հիմքով  ինքնաբացարկի միջնորդություն  ուներ: Նրա խոսքերով՝  հունվարի 31-ին իրեն շտապ  տեղափոխել են հիվանդանոց, ուստի  փետրվարի 1-ին չի կարողացել ներկայանալ դատարան: Սակայն դատավորը հայտնել է, որ  դեռեւս ձեռնպահ են մնում բռնի ուժով դատարան բերելու գործընթացից. «Դուք ակնհայտ, բացահայտ վախեցնում եք, սպառնալիքներ եք հնչեցնում իմ հասցեին, ինչով ոտնահարում եք իմ իրավունքները»,- ասաց Իշխան Բարսեղյանը՝  նշելով, որ  դատարանն ակնհայտ նախատրամադրվածություն ունի իր հանդեպ եւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Դատախազն առարկեց միջնորդության դեմ, դատավորն էլ խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժեց: «Իշխան Բարսեղյանի նկատմամբ դատարանը նախատրամադրվածություն եւ ընդհանրապես կողմերի նկատմամբ նախատրամադրվածություն  եւ կանխակալ վերաբերմունք չունի, հետեւաբար միջնորդության մեջ նշված հանգամանքները առարկայազուրկ են եւ պայմանավորված են Իշխան Բարսեղյանի սուբյեկտիվ մոտեցմամբ»,- պարզաբանեց դատավորը:    Պաշտպանական կողմը դատաքննությունը լրացնելու մասին այլ միջնորդություններ չներկայացրեց: Վարդուհի Էլբակյանը պարզաբանեց, թե ինչու: Դատարանը  մինչ այդ իրենց ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժել է.«Որեւէ միջնորդություն, որը կարող է այս գործի համար էական նշանակություն ունենալ, ձեր կողմից չի բավարարվել: Մեզ մոտ կարծիք է ձեւավորվել, թե ինչ կարգի միջնորդություն էլ ներկայացնենք, մերժելու եք»:   Այսպիսով, մեկ տարի չորս ամիս տեւող դատաքննությունն այսօր ավարտվեց: Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 12-ին դատախազը հանդես կգա ճառով:  Իշխան Բարսեղյանին,  ըստ մեղադրանքի,  սպառնում է 7-ից 12 տարվա ազատազրկում: Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ ահա կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանը ընդունել է մեղադրանքը: