Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխատենք ԱՄՆ-ի հետ՝ Արցախի ճանաչումը օրակարգային դարձնելու համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
bagratyan

Արցախի՝ միջազգային ճանաչման տեսանկյունից նախագահ Բակո Սահակյանի աշխատանքային այցը ԱՄՆ խիստ կարեւոր էր: «ԱՄՆ-ն, այսօր քաղաքականություն թելադրող պետություն է, հզորագույն պետոթյուն է, եւ իհարկե, այդ պետության հետ պետք է աշխատել, քաղաքական ինստիտուտներին ներկայացնել խնդիրը, փորձել դրական իմիջ ապահովել, որպեսզի մենք մեր գերխնդիրը Արցախի ճանաչման դարձնենք օրակարգ»,- նշում է «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:                Մարտի 12-ից Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում է։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել Արցախի ներկայացուցչությունում եւ Հայաստանի դեսպանատանը։  Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կարեւորվել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը: «Մենք խնդիր ունենք ներկայացնելու, որ կա ժողովուրդ, որ պատրաստ է ազատ հայրենիք ունենալու եւ պետականության քայլերը կատարել է. ունի իր Սահմանդրությունը, իր Կառավարությունը, իր նախագահը, նաեւ՝ իր ընտրություններն անցկացվում են միջազգային չափանիշներին համապատասխան»,- կարծում է Սերգեյ Բագրատյանը:   Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը The National Interest ամսագրում իր հեղինակած հոդվածում, անդրադառնալով Բակո Սահակյանի այցին, գրում է, թե արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունն ընդունի Արցախի  Հանրապետությանը ազգերի ընտանիքում:Նա նաեւ նշել էր, որ Բակո Սահակյանը չի ընդունվի ամերիկյան վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից: «Պատերազմական վտանգները որոշ չափով կանխարգելիչ նշանակության կբերի, քանի որ ճանաչելով երկիրը՝ որոշակի ապահովում ես նաեւ ագրեսոր պետության՝ Ադրբեջանի այսօրվա ագրեսիային դեմ-հանդիման չթողնելը»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը: Արցախի հանրապետության նախագահի այցի հետ կապված Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային, թե ինչու չի խոչընդոտվել Բակո Սահակյանի մուտքը ԱՄՆ: Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, պատասխանելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հայտարարել է, որ աջակցում է Մինսկի խմբի ջանքերին եւ կարգավորմանը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: «Ադրբեջանն, ընդհակառակը, պետք է ամեն ինչ անի, որպեսզի չճանաչվի Արցածը՝ որպես առանձին պետություն եւ չճանաչվեն այն ինստիտուտները, որոնք արդեն իսկ ճանաչված են Արցախում, եւ ներկայացնել հակառակ լույսի ներքո: Բնականաբար, իր նպատակը պետք է լինի՝ ԱՄՆ դեսպանի միջոցով տեղեկացնել, որ դա իր շահերից չի բխում, եւ փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Բակո Սահակյանի այցի արդյունավետությունը նվազեցվի»,- վստահեցնում է Սերգեյ Բագրատյանը:  Ի դեպ, այս օրերին Վաշինգտոնում են գտնվում նաեւ ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանն ու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: