Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հանդիպումը (տեսանյութ)

Պաշտոնական
10102_hq

Պաշտոնական այցով Ստոկհոլմ ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին հանդիպեց Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմին: Ողջունելով հյուրին՝ Շվեդիայի ԱԳ նախարարը նշեց, որ մեծապես կարևորում է Հայաստանի հետ ընդլայնված համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, ինչն արտացոլվել է վերջին տարիներին ավանդական դարձած փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այցելության ընթացքում նոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն հայ-շվեդական բարեկամական համագործակցության առավել խորացման և ընդլայնման նպատակով։ Էդվարդ Նալբանդյանը և Մարգոտ Վալստրյոմը գոհունակությամբ արձանագրեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև ամուր և բարեկամական համագործակցություն է ծավալվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, ակտիվ են միջխորհրդարանական կապերը: Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում մտքեր փոխանակվեցին առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, շրջակա միջավայրի պաշտպանության, վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության խորացման շուրջ: Նախարարները կարևորվեցին իրավապայմանագրային դաշտի կատարելագործման անհրաժեշտությունը: Կողմերն արժևորեցին Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և նշեցին, որ այն նոր լիցք կհաղորդի փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար: Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և դրա շրջանակներում նախատեսվող գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Երկու արտգործնախարարները քննարկեցին ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերը և այդ համատեքստում անդրադարձան Հայաստանի և Շվեդիայի նախաձեռնություններին։ Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստորմին նվիրեց շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ մարդասիրական գործունեության մասին պատմող գիրքը։ Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապաես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։