Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան

Պաշտոնական
29fa97207636ff6c4ad64dbc01c8e61c

ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի կանչի հարցաքննության պատգամավոր Նիկոլ Փաիշնյանի դիմումի համաձայն։ Ւոսումնասիրելով պատգամավորի դիմումը՝ դատախազությունը գտել է, որ դրանով «քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են»։ Այս մասին Forrights.am-ի հարցին պատասխանել է գլխավոր դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել էր դատախազություն՝ առաջարկելով Մարտի 1-ի գործով հարցաքննել նախկին նախագահին, ով հայտարարել էր, թե մարտի 1-ին ցուցարարները մեքենաների հետևից դուրս են եկել ու կրակել, սակայն այդ հայտարարությունը քննչական գործողություններով չէր հաստատվել։ «Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և քննարկվել: Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չունի: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Ն. Փաշինյանի դիմումը քրեադատավարական կարգով, որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն, ընդունելու և համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են»,- ասված է դատախազության պատասխանում: Դատախազությանն ուղղված Փաշինյանի նամակում նաև պահանջել է քննարկել Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանի ու Անդրանիկ Քոչարյանի զեկույցը, որը մինչ այժմ ուշադրության չի արժանացել իրավապահների կողմից: Այս առթիվ ևս դեռ արձագանք չկա դատախազությունից: Այդ առթիվ դատախազությունից պատասխանել են․ «Սեդա Սաֆարյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված զեկույցը 2008թ. մարտի մեկի քրեական գործերով քննության առարկա դարձնելու վերաբերյալ. 2008թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին և Մարտի 1-2-ի իրադարձություններին» վերտառությամբ զեկույցն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում արծարծված հանգամանքները 2008թ. մարտի մեկի դեպքերի և սպանությունների հետ կապված քննվող քրեական գործերով քննության առարկային վերաբերելիության և ըստ անհրաժեշտության համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու հարցը քննարկելու համար»: Հիշեցնենք, որ «Ելք»-ի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը բարձրաձայնել էր Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտության մասին: