Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մալայզիայի նոր դեսպան Հաջի Յակոբը հանձնեց հավատարմագրերը

Պաշտոնական
30492_b

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի արտակարգ և լիազոր դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նշելով, որ այս տարի Հայաստանն ու Մալայզիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահն ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջև դեռևս 17-րդ դարից եկող պատմական առնչությունները ամուր հիմք են այդ ջերմ կապերը միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վերածելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ու ընդլայնումը, որը, Նախագահի համոզմամբ, թույլ կտա նոր լիցք հաղորդել փոխգործակցությանը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Մալայզիայի միջև միջազգային կազմակերպություններում առկա արդյունավետ համագործակցության մասին: Նախագահը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ շարունակել խորացնել փոխգործակցությունը: Դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս ջանք չի խնայի ամրապնդելու հայ-մալայզիական կապերը՝ հնարավորինս նպաստելով ամենատարբեր բնագավառներում ակտիվ շփումներին, փոխճանաչելիության մեծացմանը և համագործակցության զարգացմանը: Հանդիպմանը դեսպանն իր մոտեցումներն ու պատկերացումներն է ներկայացրել մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Հանրապետության Նախագահը ողջունել է դրանք ու ընդգծել, որ դեսպանի գործնական տրամադրվածությունը լավատեսություն է ներշնչում, որ, իրոք, առաջիկայում երկկողմ հարաբերություններում ակտիվություն կարձանագրվի: