Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

81 սյուները կխորհրդանշեն հաց բերողի կերպարը (տեսանյութ)

Հասարակություն
hac-berox

Հաց բերող Արթուր Սարգսյանին նվիրված հուշակոթողը մինչեւ մարտի 16-ը՝ նրա մահվան օրը, կանցնի հանրային քննարկում, որից հետո կներկայացվի Երեւանի քաղաքապետարան՝ Մաշտոցի պուրակում այն տեղադրելու համար: «Մաշտոցի պուրակում մի հատված գտանք, որտեղ ծառ չի հատվելու, ընդամենը մի շատ փոքրիկ՝ ընդամենը երկու տարեկան բալենու ծառը պետք է զգուշությամբ հանենք ու տեղափոխենք: Մնացածը մարգ է, որի մեջ փոքր բազալտե հարթակով դրվելու է հուշարձանը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց  նախագծի հեղինակ, ճարտարապետ, կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը: Հուշակոթողն այս օրերին կցուցադրվի Ճարտարապետների միությունում: Հուշարձանն իր մեջ կրում է բազմաթիվ խորհրդանիշներ: Այն բազալտից եւ ապակուց բաղկացած 81 սյուն է, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշելու է Արթուր Սարգսյանի բնավորության գծերը: «Ինքը՝ կոթողը, ջրավազանի վրա է կանգնած լինելու եւ ջրերից դուրս է գալիս ուժեղ, կամային մի բնավորություն, էություն եւ ապակիի միջոցով նորից մաքրվում, նորից բարձրանում, բարձրանում այնտեղ՝ դեպի հավերժություն՝ մեզ թողնելով իր պատգամները, որ մարդը մարդու նկատմամբ պետք է լինի ոչ թե գազան, ոչ թե թալանելու մտադրությամբ պետք է մոտենա, այլ՝ նրան օգնելու ձեռք մեկնելու»,- ասաց դրասանուհի, հասարակական գործիչ Թամարա Հովհաննիսյան: «Իր միջով անցկացնելով աշխարհի ցավը, լավն ու վատը, դարձնում է դա բարոյականություն եւ ապակին, որով ավարտվում են բազալտե այդ սյուները, խորհրդանշում են այն բարիությունը, այն հումանիստական, մարդկային վերաբերմունքը, որը որպես սկզբունք՝ Արթուրը դրսեւորում էր իր ամբողջ կյանքի ընթացքում»,- ավելացրեց Անահիտ Թարխանյանը:             Արթուր Սարգսյանին նվիրված հուշակոթողը հավանության են արժանացրել մի խումբ արվեստագետներ, որոնց երաշխավորմամբ էլ այն ներկայացվել է հանրային քննարկման: «Ամեն բան պետք է անենք, որ հաց բերողի այս գաղափարը, որ սազում է մեր տեսակին՝ կիսվելու, չէ որ պատմության մեջ մենք ոչ մեկին վնաս չենք տվել. ուր գնացել ենք, արարել ենք: Այս սիմվոլը թող լինի մեր քաղաքում, մի բանով էլ գլուխ գովանք: Մյուս կողմից՝ հուշակոթողն ինքը շատ մոդեռն ու յուրահատուկ բան է»,- նկատեց երաժիշտ, «Հոգեւոր Հայաստանի» հիմնադիրներից Եղիշե Պետրոսյանը:              Արթուր Սարգսյանի մտերիմները, նրան ճանաչողները հույս ունեն, որ մեկ կամ երկու ամիս անց դրական որոշում կստանան Երեւանի քաղաքապետարանից, որքան էլ որ Արթուր Սարգսյանի անունը կապվում է Սասնա ծռերի հետ: «Ինքը կապ չուներ ապստամբության կամ օժանդակելու հետ, ինքն ուղղակի քայլ է կատարել՝ հաց է տարել մարդկանց»,- նշեց Արթուր Սարգսյանի մտերիմ ընկերներից քանդակագործ Գեւորգ Մնացականյանը: «Ես գտնում եմ, որ այս պահին պետք է վեր բարձրանալ իրավիճակից ու գնահատել այն կարեւորագույն իրադարձությունը, որ տեղի ունեցավ մի տարի առաջ, երբ փայլուն, մեծ հնարավորությունների տեր մի անձնավորություն՝ առանց մտածելու, առանց երկար ծանրութեթեւ անելու արեց մի քայլ որ շատ մեծ վտանգ էր սպառնում իր կյանքին»,- վստահեցրեց Անահիտ Թարխանյանը: Հաց բերող Արթուր Սարգսյանը մահացել է 2017թ. մարտի 16-֊ին: Նա մեղադրվում էր 2016թ․ հուլիսի 17-ին Սասնա ծռերին օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանը ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել  նրանց։