«Փաստաբանների պալատը իշխանությունների ձեռքին դարձել է բութ գործիք» (տեսանյութ)

 Քաղաքական հնչեղություն ունեցող գործերով  պաշտպանները  բողոքում են  Փաստաբանների պալատի պատժիչ քաղաքականությունից։

 «Քաղաքական իշխանության կողմից է գալիս: Նրանց նկատմամբ քարոզչությունը եւ  քաղաքականությունը իրականացվում է հատուկ ծառայությունների կողմից, փաստաբանական էթիկայի շրջանակներում,  Փաստաբանների պալատի կողմից»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը:

  Վերջին շրջանում Փաստաբանների   պալատի  կողմից կիրառվող  կարգապահական  վարույթներից հետո փաստաբանը եկել է եզրահանգման, որ  կառույցը չի ծառայում իր նպատակին.  «Փաստաբանների պալատը իշխանությունների ձեռքին դարձել է բութ գործիք՝ փաստաբանների անկախության դեմ:  Փաստաբանների պալատը վաղուց վերացվել է փաստաբանության մինիստրության»,- ասում է Վահե Գրիգորյանը:

 Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը համամիտ չէ այս որակումների հետ.

   «Դա բացահայտ սուտ  է: Ես ընտրվել եմ փաստաբանների կողմից եւ հաշվետու եմ փաստաբաններին»:

 «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների եւ իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները եւ համագործակության հնարավորությունները համաժողովի   ժամանակ փաստաբանների պալատի նախագահը անդրադառնում է քննադատություններին։

«Փաստաբանների խորհուրդը որոշում է կայացրել, որ փաստաբանը իրավունք չունի լքելու նիստերի դահլիճը առանց դատավորի թույլտվության: Մենք դեպքեր ենք ունենում, երբ փաստաբանները ուղղակի լքում են նիստերի դահլիճը: դատարանը կիրառում է սանկցիա եւ ուղարկում է Փաստաբանների պալատի խորհրդին, պալատի խորհուրդը նշել է, որ որպես կանոն  փաստաբանը պետք է մնա դահլիճում»

   Հանրային հնչեղությամբ գործերով պաշտպանություն իրականացնող  Տիգրան Եգորյանն էլ հակադարձում է՝ Փաստաբանների խորհրդի անդամների մի մասը հանդիսանում է վարչական ծառայող եւ պալատի նախագահի ուղիղ ենթական. «Կամ  նրանից ֆինանսական կախվածության մեջ գտնվող անձ: Ինչը բացառում է անկախ որոշումների կայացմանը»:  

 Փաստաբանները որպես լուծում տեսնում են այլ պալատների ստեղծումը

«Մրցակցությունը հնարավորություն է տալու գործադիր իշխանությանը,  քաղաքական ճնշումից ավելի շատ խուսանավել, մրցակցության պայմաններում բարձրացնել ծառայությունների որակը»:

 Ըստ նրանց՝  փաստաբանները որեւէ պալատի անդամ պետք է լինեն եւ  պալատից դուրս չեն կարող գործել: Ի դեպ, Վահե Գրիգորյանը գիտի, ինչու է վերջին շրջանում ավելացել փաստաբանների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները:

« Իրականում Հայաստանի հասարակությունը շատ ծանր է հատուցելու քաղաքական ընդդիմության կորուստի համար:  Լրագրողները եւ փաստաբանները առաջին թիրախային խմբերն են,  որոնց  անցնում է ամբողջատիրական տենդենցներ դրսեւորղ ցանկացած քաղաքական ուժ: Միայն քաղաքական ընդդիմությունն է, որը բուֆերային տարածքն է, որը հաջորդում է երկու թիրախային խմբերի համար ապրելու թթվածինը»:

Իսկ քանի որ, ըստ փաստաբանի,  չկա ընդդիմություն՝ սլաքներն ուղղվում են այս ուղղությամբ: