Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի մտածեք, որ լղոզելով անցկացնելու եք. մեզ հիմարի տեղ եք դնո՞ւմ»

Քաղաքականություն
Untitled5

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր, երբ սկսվեցին նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությունները, մասնավորապես «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի` 2-րդ ընթերցմամբ քվեարկությունը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցության վերջին շարքում նստած բոլոր պատգամավորները քվեարկել էին, սակայն ոչ բոլորն էին ներկա։ Փաստացի լուսատախտակի վրա նշված է, որ որոշումը չի ընդունվել։ Իսկ ընդհանրապես, քանի ձայն է պետք, որպեսզի սահմանադրական օրենքը ընդունվի՞»: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ի պատասխան հայտարարեց, որ ովքեր ներկա են, նրանք են քվեարկել «Քվեարկությանը գրանցվել է 61 պատգամավոր ու գումարած գործուղման մեջ գտնվող պատգամավորների երեք ձայնը եւ ստանում ենք պատգամավորների` անհրաժեշտ 3/5 ձայնը»: Նիկոլ Փաշինյանին այս պատճառաբանությունը չբավարարեց ու նա իջավ ԱԺ քարտուղարության սեղանի մոտ` հստակեցնելու քվեարկության պատկերը։ Այդ ընթացքում ԱԺ-ն սկսեց քվեարկել Կառավարության կառուցվածքի աղմկահարույց նախագիծը։ Այն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ ձայներով։ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում դեռ քարտուղարության սեղանի մոտ էր, սակայն նրա դեմ ձայնն էլ հաշվվեց։ «Ներման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն 2-րդ ընթերցմամբ եւս ընդունվեց 63 կողմ, 31 դեմ ձայներով։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն արդեն իր ձեռքին ուներ ԱԺ քարտուղարության քաղվածքը. «Պարզ երեւում է, որ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը բացակայում է, սակայն նրա փոխարեն քվեարկություն է եղել։ Մենք պիտի հասկանանք, թե ինչ է եղել քվեարկության ժամանակ»։ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը եւս վարման կարգով հայտարարությամբ հանդես եկավ` վրդովված ասելով. «Պարոն Բաբլոյան, եթե այս փոքրիկ դահլիճում չեք կարողանում բացառել ընտրակեղծարարությունը։ Մի մտածեք, որ լղոզելով անցակցնելու եք. կարողանո՞ւմ եք ապահովել ձեր պատգամավորների քանակը, թե ոչ։ Մեզ հիմարի տեղ եք դնո՞ւմ»: Ի պատասխան, Արա Բաբլոյանն ասաց. «Դա անհնարին է, որ ես հաշվի չառնեմ որեւէ մեկի կարծիքը։ Ես ոչ մեկին հիմարի տեղ չեմ դնում։ Երբ արձագանքեցիք, այդ ժամանակ պատգամավորները դուրս էին եկել արդեն»: Արձագանքեց նաեւ Նիկոլ Փաշինյանն` ասելով. «Երկրի առաջին դեմքերը կարող են մեր բոլորի աչքերի մեջ նայել ու սուտը առաջ բրդել։ Դե եկեք տեսախցիկներով նայենք` այդ պատգամավորը ներկա եղե՞լ է, թե ոչ»: «Անկախ նրանից` պատգամավորը ներկա է եղել, թե ոչ, նախագիծը 63 ձայն է ստացել ու անցել», -հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն իր հերթին ավելացրեց. «Ինչի համար է մեզ վրա այդ պարտականությունը դրված, թե ով, ում տեղն է քվեարկում։ Մանկապարտե՞զ է, չեմ հասկանում. ունենք ԱԺ նախագահություն, դուք պետք է հետևեք դա, դա ձեր պարտականությունն է»: «Բոլորիս պարտականությունները հավասար են։ Յուրաքանչյուր պատգամավոր պետք է վերահսկի»,-հայտարարեց Արա Բաբլոյանը։ ԱԺ-ն ավարտեց իր արտահերթ նիստի աշխատանքները։