Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 4-ը ՄՊՎ-ի միջազգային իրազեկման օրն է

Քաղաքականություն
papiloma

Պապիլոմավիրուսի միջազգային հանրությունը  (International Papillomavirus Society - IPVS) մարտի 4-ը հայտարարել է մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ/HPV) մասին միջազգային իրազեկման օր: Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարող FIDEC Armenia հիմնադրամը (Fighting Infectious Diseases in Emerging Countries) միանում է ՀՀ իմունականխարգելման ազգային ծրագրին՝ նպաստելու ՀՀ-ում ՄՊՎ վարակի վերաբերյալ հանրային իրազեկմանը և ՄՊՎ վարակով պայմանավորված քաղցկեղների կանխարգելմանը:

Մարդու պապիլոմա վիրուսը սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վարակն է ամբողջ աշխարհում: ՄՊՎ-ն կարող է առաջացնել արգանդի վզիկի, արտաքին սեռական օրգաների և հետանցքի քաղցկեղ: Այն կարող է դառնալ նաև  բերանիխոռոչի, նշագեղձերի, լեզվի հիմքի և կոկորդի քաղցկեղի պատճառ:

Աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղից տարեկան մահանում է 270.000 կին, որոնցից 85%-ը՝ զարգացող երկրներում: Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը գտնվում է երկրորդ տեղում՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: 2016 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 243 առաջնային դեպք, որոնցից 153-ը (59.5%) 3-րդ և 4-րդ փուլերում: 2016թ.-ին նաև արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղից մահացության 127 դեպք:

Արգանդի պարանոցի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել ՄՊՎ դեմ պատվաստումների, ինչպես նաև սքրինինգային հետազոտությունների օգնությամբ զարգացման վաղ փուլում ախտորոշման միջոցով:

ՀՀ առողջապահության նախարարությունը 2017 թվականի դեկտեմբերից Հայաստանի ողջ տարածքում 13 տարեկան աղջիկների շրջանում իրականացնում է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներ:

2015 թվականից իրականացվում է նաև արգանդի պարանոցի քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման  սքրինինգային ծրագիր, որը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կշարունակվի մինչև 2020թ.:

ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութերն ունեն բարձր արդյունավետություն. նույնիսկ 1 դեղաչափ պատվաստումն ապահովում է բարձր արդյունավետություն առողջ ազգաբնակչության շրջանում: ՄՊՎ պատվաստումների արդյունավետության մասին են վկայում այն երկրների փորձը, որոնք արդեն ներդրել են ՄՊՎ-ն իրենց Պատվաստումների ազգային օրացույցում, օրինակ Ավստրալիայի, որտեղ դեռևս 2007թ. պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել է ՄՊՎ քառավալենտ պատվաստանյութը (GARDASIL 4): Այսպիսով, ըստ վերջերս հրապարակված «Journal of Infectious Diseases » գիտական ամսագրի տվյալների, Ավստրալիայի 18-24 տարեկան կանանց շրջանում, վերջին 10 տարիների ընթացքում պատվաստումների արդյունքում ՄՊՎ-ով վարակվածության ցուցանիշը նվազել է 22,7 տոկոսից մինչեւ 1,1 տոկոս:

ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը անվտանգ է: Վերջին 10 տարվա ընթացքում աշխարհի 71 երկրներում, այդ թվում եվրոպական 33 երկրում` Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում  իրականացվել է մոտ 270 մլն դեղաչափ ՄՊՎ-ի դեմ պատվաստում, որի արդյունքում հավաքագրվել են համոզիչ փաստարկներ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ:

ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն  անպտղություն չի առաջացնում: Աշխարհի ոչ մի երկրում չկա ոչ մի ապացուցողական հետազոտություն, որ վերջին 10 տարվա ընթացքում ՄՊՎ-ի դեմ պատվաստում ստացած աղջիկների մոտ իջել է ծնելիության մակարդակը կամ ծնվել են ավելի շատ մեռելածին նորածիններ: Չկա ոչ մի հիմք պնդելու համար, որ պատվաստանյութը ինչ-որ կերպ ազդում է պտղաբերության վրա: Կլինիկական հետազոտությունները հաստատում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը չի ազդում կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա:

Հայաստանի Հանրապետությունում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների մեկնարկից մինչ օրս արդեն իսկ պատվաստվել է 277 աղջիկ,որոնց մոտ հետպատվաստումային ոչ մի երեւույթ չի դիտվել:

 ՖԱՅԴԵՔ հիմնադրամ