Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաքել Սեմիրջյանը 11-րդ զոհին է փնտրում (տեսանյութ)

Քաղաքականություն
media

Այսօրվա իշխանությունը ղեկին է գտնվում  մարտի 1-ի կրակոցների արդյունում: «Միամտություն կլինի մտածելն անգամ, որ նրանք չեն խոչընդոտելու հանցագործության դատական լուծմանը: Նրանք իհարկե խոչընդոտելու են, որովհետեւ դա վերաբերելու է բոլորին, ներքեւից վերեւ:  Բոլորին՝ մեկին շատ,  մեկին քիչ:  Ըստ էության 2008 թ մարտի 1-ի  հանցագործությունը  բացահայտված է,  սակայն մեղավորները չեն պատժվել»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանն ասաց իրավապաշտպան Վարդան  Հարությունյանը:  Ուղիղ 10 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, զոհվեց 10 քաղաքացի: 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում:  Ազատության հրապարակում 10 օր շարունակ  անցկացվող հանրահավաքները ոստիկանները ցրեցին եւ  բողոքող քաղաքացիներին ուժով հանեցին Ազատության հրապարակից: Իսկ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում զոհվեց ՀՀ 10 քաղաքացի: Քրեական գործ հարուցվեց զանգվածային անկարգությունների նախապատրաստման հոդվածով: «Ոչ թե զանգվածային անկարգությունների գործով քննություն պետք է իրականացվեր, այլ  իշխանության մարմինների կողմից  կազմակերպված զանգվածային բռնությունների, ապօրինությունների, խոշտանգումների, ազատազրկումների, սահմանադրական կարգի բռնի զավթման հիմքով»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ հենց պետական ահաբեկչությանը իրավական գնահատական չտալով է պայմանավորված  հետագա բոլոր գործողությունները, որոնք  Հայաստանում տեղի են ունենում. «Հենց կեղծված ընտրությունները:  Ես ձեզ վստահեցնում եմ կրկին ապստամբության փորձեր են լինելու: Եւ դրա ընթացքը  չի  կասեցվելու, քանի դեռ իշխանության պատասխանառվության հարցը լուծված չէ»:  «Մարտի 1» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանն էլ հիշում է Սերժ Սարգսյանի խոսքերը, թե 40 -50 հոգով  ցուցարարները սպանում էին ոստիկանին:  Սակայն մինչ օրս որեւէ քննություն չի կատարվել այդ ուղղությամբ:  «Ես 10 տարի է, փորձում եմ եւս մեկ զոհ գտնել, 11-րդ զոհը, եթե այն կա: Հիմա Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է, որ ծեծելով սպանված ոստիկան կա: Ես խնդրում եմ այդ վիդեոն տրամադրել հասարակությանը, քանի որ մեր նախագահն է, եւ ես իրեն շատ-շատ վստահում եմ: Ես ցանկանում եմ գտնել, այդ սպանված ոստիկանին, Եթե Ռոբերտ Քոչարյանը ասում էր կրակում էին ավտոբուսների հետեւից եւ թաքնվում, ապա Սերժ Սարգսյանը փաստ է ներկայացնում՝ ծեծելով ոստիկանին սպանել են»:  Հենց դրանով պայմանավորված էլ պահանջում են, որպեսզի թե  Ռոբերտ Քոչարյանը եւ թե Սերժ Սարգսյանը  հարցաքննության  կանչվեն: «Կամ սուտ մատնության համար պետք է դատապարտվի կամ օբյեկտիվ տվյալ է, որ պետք է քննության արժանանա»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:  Վարդան Հարությունյանը սակայն համամիտ չէ Արթուր Սաքունցի հետ: Ըստ նրա՝ թե Ռոբերտ Քոչարյանին եւ թե Սերժ Սարգսյանին հարցաքննելով  ոչինչ չենք ստանալու:  Ռոբերտ Քոչարյանին կարող են  կանչել դատախազի մոտ եւ նա  կտա իր ցուցմունքը: «Կգրեն,  համատեղ սուրճ կխմեն կգրկախառնվեն եւ կբաժանվեն իրարից, բայց դա չի բերի պատժին: Այդ պրոցեսը կամ խնդիրը,  եթե մենք չկարողանանք լուծել, մեր արդար դատարանի բացակայության հանգամանքն անընդհատ հետաձգելու է բոլոր հանցագործությունների՝ այդ թվում մարտի 1-ի  հանցագործությանը վերջակետ դնելուն»:  Ըստ իրավապաշտպանի՝ միայն Հայաստանի ժողովրդավարացմամբ կարելի է լուծել բոլոր հարցերը: