Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուսումնասիրվի ձկնաբուծարաններում օգտագործվող կերը և ջուրը

Տնտեսություն
DSC_7595

Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները և ձկնաբուծության միության նախագահը: ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը ընդգծել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան կերը և ջուրը: Նաև նշվել է, որ այս փուլում Ծառայությունը այցերի միջոցով կփորձի տեղում հասկանալ ոլորտի հիմնախնդիրները, տնտեսվարողներին տրամադրել  մասնագիտական խորհրդատվություն:  Թեև տնտեսվարողներից շատերը համագործակցում են ԵՄ հեղինակավոր ընկերությունների հետ և կերը ձեռք բերում նրանցից, բայց հնարավոր են դեպքեր, երբ փոխադրման ընթացքում կերը կորցնի իր պիտանելիությունը և փորձաքննության  ժամանակ ի հայտ գան շեղումներ ՀՀ-ում գործող իրավական նորմերի նկատմամբ: Մասնագետները կարևոր են  համարում նաև ուշադրություն դարձնել ջրին, որում բուծվում են ձկները. ջրի անվտանգության ցուցանիշների շեղումները կարող են նաև  ձկան մեջ շեղումների պատճառ դառնալ: «Առաջիկայում ձկնաբուծական տնտեսություններում անասնահամաճարակային մշտադիտարկումներ կիրականացվեն: Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի շեղումներով ձուկը չշրջանառվի Հայաստանի Հանրապետության տարածքում: Միասին կգտնենք և կվերացնենք հնարավոր թերությունները: Սա շահավետ է նաև այն տնտեսվարողների համար, ովքեր համապատասխան ծավալներ ունեն և հետաքրքրված են ներկայացնելու իրենց արտադրանքը  թե՛ ԵԱՏՄ շուկայում, թե՛ ԵՄ շուկայում՝ մոտ ապագայում այն բացելուց հետո»,- հանդիպման ժամանակ ընդգծել է ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Ուսումնասիրության արդյունքում տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շրջայցերի ընթացքում  նմուշառում վերցնել օգտագործվող ձկան կերից և ջրավազանների ջրից: Ոլորտի պատասխանատուների խոսքերով՝ մշտադիտարկումները և խորհրդատվությունը ոլորտում պարբերաբար են լինելու:   ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն