Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերում Հայաստանը կներկայացնի մեկ դահուկորդ

Սպորտ
sport-paralimpik

Մարտի 9-ին հարավկորեական Փհենչանում մեկնարկող 13-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերում Հայաստանը կներկայացնի սպիտակցի դահուկորդ Տասիկ Նազարյանը: «Մենք աշխատանք ենք տանում նաեւ մեր երկրորդ մարզիկին՝ լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանին հայտավորելու համար, սակայն ընթացքում խնդիր ծագեց կապված Չեխիայի դեսպանատան հետ: Բացի այդ, նրա մասնակցության մասին վերջնական հայտնի կդառնա մարտի 2-3-ին: Համենայնդեպս, Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն ամեն ինչ անում է այդ հարցը դրականորեն լուծելու համար», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը: Հայկական պատվիրակությունը Փհենչհան կմեկնի մարտի 5-ին: Հայաստանի կառավարությունն այդ նպատակով տրամադրել է 6,5 մլն դրամ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեր պատվիրակության բոլոր հինգ մասնակիցներին հանձնեց մարզագույք եւ նվերներ: Դա կատարեց ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը: Հավելենք, որ Տասիկ Նազարյանը հունվարին Գերմանիայում մասնակցել է դահուկավազքի որակավորման մրցումներին, որի ժամանակ կարողացել է հաղթահարել 7,5 կմ մրցատարածությունը եւ պարալիմպիկ խաղերին մասնակցելու իրավունք է նվաճել: Իսկ ահա Սասուն Հակոբյանը պետք է մասնակցի սպիտակ քարտի հաշվին, եթե, իհարկե, միջազգային պարալիմպիկ կոմիտեն նման հրավեր ուղարկի մերոնց: