Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ մեծանուն վարպետների գործերը գնում են հրեաներն ու ռուսները, հայերը մոտիկ չեն գալիս» (տեսանյութ)

Մշակույթ
Untitled6-2

«Մեր դարի առաջին տասնամյակում կոլեկցիոներները գանգատվում էին, որ «դժվար է գտնել նույնիսկ փոքրիկ «սարյան», կամ՝ «իմ բախտը բանել է, ես երկու «սարյան» ունեմ: Եվ մի խոշոր տերության դեսպան, ճիշտ այնպես, ինչպես կես դար առաջ, վերջերս հարցրեց. հնարավոր է արդյոք «սարյան» ձեռք բերել»,- գրել է գրող, հրապարակախոս Մարիետա Շահինյանը «Սարյանի գաղտնիքը» էսսեում: Այսօր մասնավոր հավաքածուներում կան Սարյանի մեծաթիվ կեղծված կտավներ, որոնց տրվում են փորձագիտական, հեղինակավոր փաստաթղթեր: «Մեր երկրում կա երկու փորձագիտական կենտրոն, որոնք սակայն երբևէ  մեզ չեն դիմում,- ասում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենը, վարպետի թոռնուհի Ռուզան Սարյանը: - Այսինքն, միշտ չէ, որ կա ճշմարտությունը բացահայտելու օբյեկտիվ ցանկություն: Իսկ կան խաբված գնորդներ, որոնք դիմել են մեզ և կարողացել են հետ վերադարձնել իրենց գումարները: Զարմանալի բան է, ու ցավ է պատճառում, որ հեղինակավոր աճուրդները թանգարանի հետ հաշվի են նստում, իսկ մեր փորձագետները անտեսվում են…էլ չեմ ասում Ռուսաստանում գործող փորձագիտական հանձնաժողովների մասին, նույն Տրետյակովյան պատկերասրահի կամ ռուսական թանգարանի հովանու ներքո գործող: Կարծում եմ, որովհետև նրանք էլ անում են այն ինչ ուզում են անել… Մյուս կարևոր խնդիրը, որ առանձնացրեց Ռուզան Սարյանը մեր մեծ վարպետների կտավների հանդեպ հայ մեծահարուստ կոլեկցիոներների, պոտենցիալ գնորդների վերաբերմունքն է: «Եթե Փիրոսմանիի որևէ գործ հայտնվում է աճուրդներում, վրացիները ազգովի անում են ամեն բան, որ վաճառվի բարձրագույն գներով, - ասում է տիկին Սարյանը,- իսկ մեր հայ մեծանուն վարպետների գործերը գնում են հրեաներն ու ռուսները: Հայերը մոտիկ չեն գալիս: Նրանց դա հետաքրքիր չէ, սկսած Գալուստ Գյուլբենկյանից, որի հայտնի հավաքածուներում չկա և որևէ հայ նկարչի մեկ կտավ»: Այսօր Մարտիրոս Սարյանի կտավները համաշխարհային աճուրդներում  վաճառվում են ռուսական արվեստի ցանկով: «Հարց է ծագում, ինչո՞ւ»,- իր վրդովմունքն է հայտնում տիկին Սարյանը:- Հարստագույն հայ համայնքներ ունենք, և որևէ անգամ մեր հայրենակիցների մոտ ցանկություն չի առաջացել բարձր կարգով ցուցահանդես կազմակերպել: Մենք չգիտենք մեր արժեքները  աշխարհին ներկայացնել հանրահռչակել ու հպարտանալ»: