Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրաքաղաքի բոլոր հրապարակները կվերակառուցվեն. Նարեկ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-19

2017 թվականի արածները և 2018-ի անելիքները ներկայացնելու համար մամուլի ասուլիսի է հրավիրել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Խոսելով Աղետի գոտու խնդիրների մասին՝ նա նշեց, որ քաղաքային բնակավայրերում հաշվառվել է 5000 բնակիչ, որոնց հանդեպ Կառավարության ստանձնած պարտավորություններն ավարտվել են 2017-ին, իսկ գյուղաբնակ 500 ընտանիքների խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է  4 մլրդ դրամ, և նրանց հանդեպ Կառավարության ստանձնած պարտավորությունները կավարտվեն 2021թ.-ին: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ մայրաքաղաքի բոլոր հրապարակները վերակառուցելու անհրաժեշտություն կա և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Վերակառուցելու արդյունքում նախատեսվում են նաև ստորգետնյա «Parking»-ներ: Շահումյանի հրապարակի վերակառուցումը քաղաքապետարանի հետ պայմանագրի կնքման փուլում է: Ինչ վերաբերում է կիսակառույցներին, պարոն Սարգսյանն ասաց, որ Աբովյան փողոցի կիսակառույցի աշխատանքները շարունակվում են, «Դվին» հյուրանոցի աշխատանքներն արագ ընթանում են, իսկ կայարանամերձ կիսակառույցի քանդման աշխատանքները կսկսվեն երկուշաբթի օրվանից: Խնդիրն այն է, որ ներդրողների հետ աշխատանքներն ակտիվ չեն: Կայարանի կիսակառույցի ներդրողը հայ չէ, լիբանանցի է, բյուջեն կազմում է 60 մլն դոլար: «Մինչև քանդման և հողային աշխատանքները կատարվեն, կիսակառույցի նախագիծը կներկայացվի»,- ասում է նա: Պետական կոմիտեի նախագահը տեղեկացրեց նաև, որ կառավարությունն անընդհատ գումարներ է տրամադրում դպրոցների շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու համար: «Մոտեցումը հիմա փոխել ենք, առաջվա 7-8 տարվա փոխարեն հիմա մեզ մոտ շինարարությունը սկսվում և ավարտվում է 2 տարում, առավելագույնը՝ 3 տարում»,- ասում է նա: