Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս երեխային սովորեցնել մանկապարտեզ գնալ

kana

  Հաճախ մանկապարտեզում երեխան լաց է լինում և մայրիկին է ուզում: Գիտե՞ք, թե ինչո՞ւ: Քանի որ մտածում է, որ իրեն բերել են մի տեղ, և ոչ ոք այլևս նրա հետևից չի գա: Ինչ չանել - Ամոթանք չտալ երեխային և չնախատել: - Չմերժել երեխային, ասելով, թե կանցնի, կընտելանաս, ընկերներ կունենաս: Երբ երեխան տեսնում է, որ իր ամենամոտիկ մարդիկ՝ ծնողները, իրեն չեն հասկանում, իր զգացողությունները չեն ընդունում, ապա ծնողի որևէ տրամաբանական փաստարկ երեխան չի ընդունում: Ինչ անել - Նախապես երեխային պատրաստել մանկապարտեզում մնալու մտքին: Բացատրել, որ ծնողներն աշխատանքի են գնում, իսկ մանկապարտեզը երեխայի աշխատանքի տեղն է: Անշուշտ՝ մեծ առավելություններով: Քանի որ նա այնտեղ կարող է խաղալ և քնել, իսկ ծնողներն իրենց աշխատավայրում դա անել չեն կարող: Անպայման պետք է շեշտել, որ օրվա վերջում մայրիկը, հայրիկը կամ այլ հարազատ կգան երեխայի հետևից և կբերեն տուն կամ կտանեն զբոսանքի: - Օրեր շարունակ տիկնիկային թատրոն խաղացեք: Թող ձեր երեխան իր սիրելի խաղալիքներին՝ մեքենաներին, տիկնիկներին, կենդանիներին, ամեն օր առավոտյան «տանի» մանկապարտեզ: Թույլ տվեք, որ երեխան կառուցի խաղը: Թող երեխան բացատրի «իր բալիկներին» մանկապարտեզում մնալու պատճառները և առավելությունները: Կրկին թող երեխան բացատրի, որ նրենց հետևեից անպայման կգան և կվերցնեն: Եթե ամեն դեպքում երեխան լացում է մանկապարտեզ գնալիս կամ խմբում, ապա - Ամուր գրկեք երեխային, համբուրեք, ասեք նրան, որ շատ կուզենայիք միասին անկցացնել օրը: Միասին երազեք, թե ինչ կանեք մանկապարտեզից հետո կամ հանգստյան օրերին, երբ ազատ եք: Ասեք դա սրտանց: Երևակայությունը ևս օգնում է փոքրիկներին թոթափել իրենց այդ պահի «ծանր վիշտը»: Միասին կատակեք: Կարող եք հորինել պայմանական գաղտնի նշան. մանկապարտեզում խումբ մտնելուց առաջ երեխան ծածուկ անում է այն և ուրախ մտնում է խումբ: Ի դեպ, երեկոյան քնեցնելիս երեխայի հետ խոսեք և հարցրեք. «Վաղն ո՞ւր ես գնալու՝ մանկապարտեզ, ինչպե՞ս ես արթնանալու՝ ուրախ, ինչպե՞ս ես գնալու մանկապարտեզ՝ ուրախ, ծիծաղելով և այլն»: Դուք ուղղորդեք երեխային, որ նա ձեզ ցանկալի պատասխաններ տա: - Կարող եք դիմել հեքիաթաթերապիայի հնարքներին: Հեքիաթ հորինեք, օրինակ արջուկների ընտանիքի մասին, որտեղ արջուկ-քոթոթը մանկապարտեզ գնալ չէր ցանկանում և լացում էր մայրիկի կամ հայրիկի հետևից: Զարգացրեք հեքիաթը ձեր նախընտրած սցենարով: Կամ կարող եք ավարտը թողնել, որ երեխան ինքը հորինի: Շատ հավանական է, որ երեխան, արդեն պատրաստ լինելով մանկապարտեզ գնալուն, ինքնուրույն համոզի արջուկ-քոթոթին՝ գնալ մանկապարտեզ: - Եվ վերջում. նախապես հարցրեք դաստիարակին, եթե նա համաձայն է, ապա մանկապարտեզ գնալու առաջին օրերին կամ շաբաթներին երեխային թույլ տվեք տանից վերցնել իր սիրելի փափուկ խաղալիքը: Այդ դեպքում երեխան իրեն միայնակ չի զգա: Տանից իր հետ մեկն էլ կա: Խաղալիքի կարիք այլևս չի լինի, երբ երեխան ընտելանա նոր միջավայրին: Անշուշտ, այս խորհուրդները վերաբերում են այն դեպքերին, երբ դաստիարակը հմուտ է, բարեհոգի և խմբում երեխային չեն նեղացնում: Եվ խնդիրը միայն նոր միջավայրին հարմարվելու մեջ է:  «Կանա» հոգեբանական կենտրոն