Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական սկանդալ Փհենչհան-2018-ում (տեսանյութ)

Սպորտ
sport-dahuk-skandal

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հայտնվել է լուրջ տեխնիկական խնդրի առջեւ: Պարզվում է, որ մեր մարզիկն արդեն մի քանի օր է չի մարզվում, քանի որ առաջին պարապմունքի ժամանակ նրա դահուները շարքից դուրս են եկել, իսկ երկրորդ զույգը նա չունի: Մեր օլիմպիական պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը  «Ա1+»-ի մարզական լրագրողին հեռախոսով հայտնեց, որ իրենք փորձում են լուծել խնդիրը: «Հարավային Կորեայում համապատասխան դահուկներ չկան, որպեսզի գնենք: Ստիպված պատվիրել ենք Մոսկվայից: Եթե դրանք ժամանակին հասնեն Փհենչհան, ապա Աշոտ Կարապետյանը կհասցնի մարզվել եւ մասնակցել փետրվարի 22-ին կայանալիք մեծ ոլորավայրէջքի մրցումներին», - ասաց նա: Գագիկ Բոլշիկյանը նաեւ պարզաբանեց այն հարցը, թե ինչու Կատյա Գալստյանը հանդես չի եկել այսօրվա սպրինտին: «Մեզ այստեղ տվել են մեր մարզիկների ժամանակացույցը: Ըստ դրա Կատյա Գալստյանն իր ռեյտինգով իրավունք չուներ մասնակցելու սպրինտին: Նույնը վերաբերում է նաեւ Աշոտ Կարապետյանին, ով կարող է մասնակցել միայն մեծ ոլորավայրէջքին: Զարմանում եմ, թե հայկական լրատվամիջոցներն որտեղից էին վերցրել մեր մարզիկների թյուր ժամանակացույցը», - եզրակացրեց մեր օլիմպիական պատվիրակության ղեկավարը: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Աշոտ Կարապետյանը, այնուամենայնիվ, չի կարող մասնակցել օլիմպիական խաղերին, քանի որ նրա հայտն ուշ է ուղարկվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմի, ինչի պատճառով խաղերի կազմակերպիչները չեն հասցրել մեր մարզիկի անունով մարզազգեստ պատվիրել: