Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի խորհրդանիշ համարվող քանդակը դեռ տեղ չունի

Հասարակություն
lernayin-par

 Երեւանի ավագանին այսօր ընդունեց  պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու վերաբերյալ վիճահարույց նախագիծը:   Արձանը կտեղադրվի  Երևանի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում: Իսկ 30 տարի  Դվին հյուրանոցի տարածքում գտնվող եւ հետո այնտեղից տեղափոխված   Երեւանի խորհրդանիշ համարվող արձաններից մեկը՝  «Լեռնային պար» արձանախումբը, դեռ  չի գտնում իր տեղը: Վերջնական որոշում առայժմ  չկա, թե որտեղ այն կարող է տեղադրվել:  Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի խոսքերով՝  առաջարկները շատ են,  սակայն փնտրում են հարմար տարբերակ:  «Նախընտրելի է կենտրոնական հատվածում, որովհետեւ իր արժեքով այդ քանդակը  նկատելի եւ ճանաչելի է եւ շատ լավ կլիներ, որ այն տեղադրվեր մեր կենտրոնական այգու հատվածներում»,- «Ա1+»-ին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:  Ոչնչացումից փրկված քանդակն արդեն 2 տարի է վերականգնվել է, սակայն  իր նախկին տեղում չի կարող տեղադրվել: Քանդակի գրեթե 60 տոկոսը վնասված էր: Ժամանակին 11 տարի քանդակի վրա աշխատած Տիգրան Արզումանյանը 6 ամիս էլ տրամադրել է վերականգնմանը: Քանդակի հեղինակը ցանկանում է, որ այն տեղադրվի Երեւանի կենտրոնում, այլ ոչ թե արվարձանում: