Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի փոքր տարածքն առավելություններ է տալիս. Լևոն Մկրտչյան (տեսանյութ)

Հասարակություն
lavaguynusanox2

Հայտնի են Հայաստանի լավագույն ուսանողների անունները, կրթության և գիտության նախարարության հայտարարած մրցույթում յոթ ոլորտներում հաղթած ուսանողներն արժանացան դրամական պարգևների։ Առաջին տեղի համար 400 հազար, երկրորդի համար 270 հազար, իսկ երրորդի՝ 200 հազար դրամ: «Ամեն տարի պատվում ենք հաջողություններ արձանագրած ուսանողներին, սա ձեր ճանապարհի սկիզբն է միայն, ես որպես քաղաքացի և որպես նախարար, խնդրում եմ ձեզնից, բացի գիտելիքից և ամենօրյա աշխատանքից միշտ հիշել, որ ձեզ վրա շատ մեծ պատասխանատվություն կա, դուք եք, որ մեր անկախ պետականության մեջ պիտի զարգացնեք հայ տեսակը»,- նշում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարի կարծիքով Հայաստանի տարածքային փոքրությունը կրթության բնագավառում առավելություն է տալիս,- « Ի վերջո կարող ենք Հայաստանի Հանրապետությունը դիտարկել որպես մեկ գիտակրթական տարածք, որտեղ գործում են բազմաթիվ հաստատություններ, որոնք ապահովում են ուսանողների ազատ շրջագայությունը այդ տարածքում, եթե կարողանանք ձևավորել այնպիսի մթնոլորտ, որի դեպքում գիտությունը, համալսարանական կրթությունը, բիզնեսը ամբողջապես կսպասարկեն ուսանողին կդասվենք առաջատար երկրների շարքին»: Մրցություն հաղթած ավելի քան 40 ուսանողներն իրենց ապագան լիովին կապում են Հայաստանի հետ, թեև գրեթե բոլորն էլ դրսում կրթությունը շարունակելու ցանկություն ունեն: Հայ- ռուսական սլավոնական համալսարանի ուսանող Էրիկ Արաբյանը հաղթող է ճանաչվել բնագիտության ոլորտում, նա դասերից բացի, արդեն գիտությամբ է զբաղվում,- « Բացի դասապրոցեսից զբաղվում եմ նաև գիտության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, զբաղվում ենք հակավիրուսային նյութերի հայտնաբերմամբ»: ԵՊՀ ուսանողուհի Էմմա Ղազարյանը բժշկության ոլորտում երրորդ տեղն է զբաղեցրել, մրցման մասին տեղեկացել է դասախոսից և շտապել փաստաթղթերը ներկայացնելու,- « Ներբուհական փուլը հաղթելուց հետո մասնակցեցի համապետական մրցույթին, երեկ  իմացա, որ մրցանակի եմ արժանացել, հիմա  պատրաստվում եմ Բելգորոդի համալսարանում մագիստրոսական թեզս գրելուն, որից հետո ամբողջ ժամանակս կհատկացնեմ գիտությանը, ինձ չեմ պատկերացնում առանց դրա»: