Մենք ցանկանում ենք ունենալ առողջ քաղաքացի. վարչապետը՝ նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն` ծանոթանալու 2017թ գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018թ անելիքներին:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի եւ մասսայական սպորտի տարածման նպատակով կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես՝ իրականացվել են 11 միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 113 հազար մարդ: Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ սպորտի ոլորտում իրականացվել է ներդրումային 4 ծրագիր:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է առողջ ապրելակերպի տարածումը եւ ընդգծել, որ պետք է իրականացնել համալիր ծրագիր:

«Այս հարցին 2018 թվականին պետք է մեծ ուշադրություն դարձնել, անհրաժեշտ է նման միջոցառումների աշխարհագրությունը մեծացնել: Յուրաքանչյուր մարզպետարան պետք է ձեր այս քաղաքականության մասին պատշաճ կերպով իրազեկված լինի, քանի որ մենք ցանկանում ենք ունենալ առողջ քաղաքացի», – նշել է կառավարության ղեկավարը: