Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Սահակյանը չվախեցավ. Հարգանքի տուրք Երեւանում

Մշակույթ
maria

Կյանքից վաղաժամ հեռացած կինոռեժիսոր  Մարիա Սահակյանը,  երբ Ռուսաստանից վերադարձել է Հայաստան ու սկսել է թեմաներ փնտրել, հարցրել են, թե ինչ է ուզում նկարահանել, պատասխանել է՝ մոռացված քաղաքներ։ «Մաշայի աչքը Ալավերդու նման մոռացված բանվորական քաղաքում նկատեց կինոյի նյութ», - կինոռեժիսորի  հիշատակին նվիրված երեկոյի  ժամանակ  հիշեց կինոգետ   Սուսաննա Հարությունյանը։  Որպես հարգանքի տուրք՝ Կինեմատոգրաֆիստների միությունում  ցուցադրվեց Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ((I'm going to change my name) ֆիլմը։ Այն  14-ամյա աղջկա հասունացման շրջանի, շրջապատի հետ նրա փոխհարաբերությունների մասին է։ Ներկայացվում է դեռահաս Եվրեդիկեի անձնական աշխարհը, նրա պատանեկան փնտրտուքները... աղջիկն ուզում է փոխել իր անունը՝ հույս ունենալով այդպես փոխել իր կյանքը։ «Շատ կարևոր է, որ ֆիլմն ի վերջո ստացավ «Այդ ես չեմ» անունը, քանի որ բավական ինքնակենսագրական է, պատկերված են դրվագներ, որոնք անձամբ ապրել է Մարիան, հիշողություններ են նրա դեռահասության ժամանակից։ Մարիան չվախեցավ ու համարձակորեն ներկայացրեց նուրբ սահմանային տարիքում գտնվող աղջկա ապրումները, զգացողությունները», - նշեց կինոգետը՝ ընդգծելով, որ կինոռեժիսորի կյանքը և ֆիլմը միախառնված էին։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա կինոգետ Արծվի Բախչինյանը Մարիա Սահակյանին ճանաչել է նրա ստեղծագործական գործունեության հենց սկզբից։ Ֆիլմերը նմանեցնում է անձնական օրագրերի։ «Դրանց միջոցով նա գեղարվեստորեն ներկայացնում էր իր կենսագրության որոշ հատվածներ, դրվագներ։ Իսկ հերոսների միջոցով, որոնք նույնանում էին իր հետ, փորձում էր ցույց տալ կյանքի որոշակի ժամանակահատված, հոգեվիճակ», - նշում է նա։ Օրեր առաջ՝  37 տարեկան հասակում կյանքից հեռացած կինոռեժիսորին Արծվի Բախչինյանը բնութագրում է՝ որպես դրական, պայծառ, վառ անձնավորություն։ «Հետաքրքիր տեսարան էր, երբ հանդիպում էիր փողոցում կապուտաչյա ռեժիսորին՝ շրջապատված կապուտաչյա դստրիկներով։ Շատ էի ուրախանում, երբ տեղեկանում էի, որ հերթական ֆիլմն է նկարահանել ու նրա հերթական աղջիկն է ծնվել», - հիշում է Արծվի Բախչինյանը։ Կինոգետի խոսքով՝ իր՝ աշխարհի հետ բաց հաղորդակցվող տեսակի շնորհիվ Մարիա Սահակյանը կարողանում էր ստեղծել մաքուր հեղինակային, շատ անձնական ֆիլմ, միջազգային լեզվով խոսում էր Հայաստանի մասին, այդ պատճառով էլ նրա ֆիլմերի դերակատարները հայեր չեն, լեզուն էլ հայերեն չէ։   «Կինոլեզուն նրա համար միջոց էր՝ խիստ անձնականը համապատասխան տրամադրությամբ ու ոճով դարձնելու կինոպատկեր։ Նա ոճային, մտածող, ինտելեկտուալ կինոռեժիսոր էր, որի դրսևորած որակները նախադեպ չունեին մեր կինոյում»,-  եզրափակեց Արծվի Բախչինյանը։