Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղևորը կվճարի մեկ անգամ՝ անկախ նրանից, թե քանի տրանսպորտ է փոխում. փոխքաղաքապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
TP-busses-1

Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցն  այս պահին փորձարկման փուլում է: Նախկին 115 երթուղու փոխարեն  նոր ցանցը կընդգրկի 42 երթուղի եւ հասանելի կլինի քաղաքի բոլոր հատվածներում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Երևանի փոխքաղաքապետ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:  «Նոր ցանցը գծվել է միկրոավտոբուսների բացառման սկզբունքով: Նոր ցանցի շահագործումը նախատեսում է ապահովել թվով 939 մեծ եւ միջին տեղատարողությամբ ավտոբուսներ:  Նաեւ նորացված տրոլեբուսային պարկ կգործի՝ 111 տրոլեյբուսով»: Ինչ վերաբերում է 18 մետրանոց ավտոբուսներին՝ Նիկոյանն ասաց. «Միջազգային փորձից ելնելով մենք առաջարկել ենք համակցված 18 մետրանոց ավտոբուսներ՝ 42-ից մոտ 11 երթուղիների համար: Մեծ տեղատարողության ավտոբուսների շահագործումը շատ պարզ հաշվարկ է, այն թույլ կտա կրճատել ծախսերը: Այդպիսի ավտոբուսները հիմնականում նախատեսված են կենտրոնը շրջանցող երթուղիների համար»:  Նիկոյանի կարծիքով, սա կնպաստի նաև կենտրոնի բեռնաթափմանը: Նոր ցանցով հասարակական տրանսպորտ կսկսի աշխատել առավոտյան՝ ժամը 6.45-ին, եւ կավարտի աշխատանքը՝ կեսգիշերին: Նոր ցանցով ծանրաբեռնված  ժամերին տրանստորտը կաշխատի 5 րոպե հաճախականությամբ: Անդրադառնալով վարորդների հարցին, Վահե Նիկոյանը նշեց, որ կրճատումներ չեն նախատեսվում, վարորդները կաշխատեն հերթափոխով: Իսկ ղեկին չծխելն ու հեռախոսով չխոսելը կլինի պարտադիր պայման: «Փոփոխությունների արդյունքում վերանալու է նաեւ  «գծատեր» երևույթը: Սա նշանակում է, որ լիազորությունների մեծ մասը  ստանձնելու է մեկ կենտրոնական մարմին: Ինչ վերաբերում է տրանսպորտի սակագնին, Վահե Նիկոյանն ասաց. «Քաղաքապետարանը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցներն առկա սակագինը չթանկացնելու համար: Ուղևորը  տեղից տեղ հասնելու համար կվճարի մեկ անգամ՝ անկախ նրանից, թե քանի տրանսպորտային միջոց է փոխում»: Իսկ թե ինչպիսին է լինելու տոմսային համակարգը, փոխքաղաքապետը նշեց, որ այն  դեռ քննարկման փուլում է: