Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուսանողին չափանիշով չափելը մասնագիտական վերաբերմունք չէ» (տեսանյութ)

Հասարակություն
Davit-Petrosyan

 «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները իշխանությունների հետ բանակացությունները դադարեցնելուց հետո արձանագրում են, որ  «Զինվորական ծառայության և զինվորի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ պայքարում կա դրական տեղաշարժ ։ «Մեկ շաբաթ առաջ Կառավարությունը նախագիծ է ընդունել, որի համաձայն որոշվել է, որ պետք է լինի 100 բալանոց մեխանիզմով համակարգ, որում պետք է լինեն չափանիշներ, յուրաքնչյուր չափանիշ պետք է ունենա բալ։ Հետո, պետք է լինի հանձնաժողով, որը կորոշի, թե որ ուսանողն է ստանալու կրթությունը շարունակելու հնարավորություն»,- ասում է նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։ Ըստ այդ նախագծի՝ տարկետում կարող են ստանալ կրթության և գիտության ոլորտում ՀՀ կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն իրականացնող քաղաքացիները, որոնց ձեռքբերումների հաշվարկը այդ բալային համակարգում կհավաքի առնվազն 80 միավոր։ «Շատ գիտնականներ, դասախոսներ այդ չափանիշներին դեմ են։ Նշում են, որ ուսանողներին չափանիշներով չափելը մասնագիտական վերաբերմունք չէ, դրանով հնարավոր չի լինելու բացահայտել ուսանողների պոտենցիալը գիտնական դառնալու»,- նշեց Դավիթ Պետրոսյանը։ Ուսանողին տարկետում տրամադրելու վերջնական որոշումը կայացնելու է հանձնաժողովը։ Դավիթ Պետրոսյանը մտահոգություն է հայտնում, որ անգամ, եթե ընդունվի շատ լավ օրենք, դա վճռական չի լինելու, քանի որ վերջում որոշումը կայացնելու է հանձնաժողովը։ «Հանդիպումների ժամանակ մենք առաջարկել ենք, որ հանձնաժողովը բաղկացած չլինի միայն կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներից, այլ այնտեղ ներկայացված լինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,- ասաց Դավիթ Պետրոսյանը։ Նախաձեռնության անդամները նշում են, որ իրենց հետագա հաջողությունները կախված են նրանից, թե ինչպես կիրագործվի այդ բալային համակարգն ու հանձնաժողովի գործառույթը։