Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է սպասվում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azgayin-joxov-2

Ապրիլին լրանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյանի պաշտոնավորման ժամկետը, ինչից հետո Ազգային ժողովը կստանձնի Սահմանադրական բարեփոխումներով նախատեսված բոլոր պարտավորությունները. ասել է թե պաշտոնապես անցում կկատարենք խորհրդարանային կառավարման համակարգին։ Բարեփոխված սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրությունը պետք է անցկացվի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ շուտ` քան 40 և ոչ ուշ` քան 30 օր առաջ։ Արդեն հայտնի է, որ հաջորդ նախագահի ընտրությունն անցկացվելու է մարտի 2-ին։ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք կունենա պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Եթե Հանրապետության նախագահ չընտրվի, ապա կանցկացվի ընտրության երկրորդ փուլ, որին կկարողանան մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում կհաղթի այն թեկնածուն, որը կստանա  պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե կրկին նախագահ չընտրվի, ապա կանցկացվի ընտրության երրորդ փուլ, որին կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները : Երրորդ փուլում Հանրապետության նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը. այսինքն ցանկացած պարագայում կհաղթի խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի թեկնածուն։ Այնուհետև ապրիլի 17-ին  նորընտիր նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության առաջադրած թեկնածուին։ Նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում նախագահին կառաջարկի փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, նախագահը եռօրյա ժամկետում կամ կնշանակի առաջարկված թեկնածուներին, կամ համաձայն չլինելու դեպքում հնարավորություն կունենա դիմել Սահմանադրական դատարան, եթե նախագահը չկատարի սահմանված պահանջները, ապա առաջարկված թեկնածուները կնշանակվեն իրավունքի ուժով։ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում նորանշանակ վարչապետն Ազգային ժողով կներկայացնի կառավարության ծրագիրը, որն էլ ԱԺ- ի կողմից հավանության կարժանանա ձայների թվի մեծամասնության առկայության դեպքում, որից հետո կառավարությունն ամբողջովին կստանձնի բարեփոխված Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները։ Ըստ բարեփոխված Սահմանադրության՝ զինված ուժերի կիրառման մասին որոշում կկարողանա ընդունել միայն կառավարությունը, ԶՈՒ զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը կլինի գլխավոր շտաբի պետը, որին վարչապետի առաջարկությամբ կնշանակի նախագահը, ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա կլինի պաշտպանության նախարարին, իսկ պատերազմի ժամանակ ԶՈՒ գերագույն հրամանատարը կլինի վարչապետը։ Ազգային ժողովը հնարավորություն կունենա անվստահություն հայտնել կառավարությանը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն մեկ երրորդի առկայության դեպքում, այն էլ, երբ միաժամանակ կառաջարկվի վարչապետի նոր թեկնածու, իսկ որոշումը կընդունվի ձայների մեծամասնությամբ։ Վարչապետին անվստահություն հնարավոր կլինի հայտնել նրա նշանակումից առնվազն մեկ տարի անց, եթե նախագիծը  չընդունվի ապա նման նախագիծ հնարավոր կլինի ներկայացնել ոչ շուտ քան վեց ամիս հետո։