Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մտերիմների հուշերը՝ Սարգիս Հացպանյանի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
hacpanyan1

 Տարածաշրջանային հարցերով փորձագետ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի ընկերները եւ մերձավորները  դիմում են ներկայացրել Պաշտպանության նախարարություն, որպեսզի նրա աճյունը ամփոփվի Եռաբլուրում: Սարգիս Հացպանյանը մահացել է  հունվարի 20-ին՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որտեղ մեկնել էր բուժման կուրս անցնելու քաղցկեղի դեմ։ Նա ընդամենը 55 տարեկան էր։ Այսօր նրա ընկերներն ու  գործընկերները  դժվարանում էին Սարգիս  Հացպանյանի  մասին անցյալ ժամանակով խոսել:  Սփյուռքահայ լրագրող և պատմաբան Գևորգ Յազըճյանի խոսքով,  Հացպանյանը համահայկական մոտեցում ուներ հարցերին, և խորապես տեղյակ էր Հայաստանի, Սփյուռքի խնդիրներին: «Նրա բարձրացրած շատ հարցեր լուծում ստացան, բայց շատ հարցեր էլ անտեսվեցին իշխանության կողմից»: «Որտեղ էլ որ նա գնաց, նա տառապեց իր ազգի ցավերով, արտահայտեց դրանք անվախորեն, խիզախորեն: Սարգիսը մեր ժողովրդի վերջին տասնամյակների խիղճն էր», ասում է պատմաբանը:  Սարգիս Հացպանյանի հարբերություններն այնքան էլ հարթ չէին իշխանությունների հետ։ 2009 թվականին նա դատապարտվել է և  3 տարի 6 ամիս ազատազրկվել՝ սուտ մատնության մեղադրանքով։ «2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրը ես տնից դուրս եմ եկել և առայսօր չեմ վերադարձել։ Եվ դրա միակ պատճառը եղել է հենց արյունալի Մարտի 1-ը։ Ես եկել եմ Ազատության հրապարակ և մաս կազմել բողոքող ժողովրդի»,- իր  ազատազրկումը  այսպես է մեկնաբանել Սարգիս Հացպանյանը։ «Շատերն իրենց մեղավոր պետք է զգան նրա կյանքի կարճ լինելու համար: Սարգիսը չորս տարի կորցրեց բանտում», ասում է լրագրող Գոհար Արշակյանը: Դեռեւս  հայտնի չէ, թե Սարգիս Հացպանյանի աճյունը ե՞րբ կտեղափոխվի Հայաստան։ Իսկ ՊՆ-ը չի մեկնաբանել ազատամարտիկին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը: