Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք չէինք հասկանում այդ քրդամոլությունը, որ կա ԱԺ-ում» (տեսանյութ)

Քաղաքականություն
26814664_10211178242554870_5719661005255987002_n

Եզդիական համայնքի ներկայացուցիչները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ ԱԺ ընդունած եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության նախագծին, իրենց երախտագիտությունն էին հայտնում նախագծի հեղինակներին։ «Ա1+»-ի այն դիտարկմանը, թե դատապարտման նախագիծը դեռ նախորդ գումարման ԱԺ օրակարգում էր ներառված, սակայն միայն նոր ԱԺ-ում, այն էլ` ՀՀԿ պատգամավորների համահեղինակությամբ ընդունվեց, Եզդիների միության Արարատի մարզի համայնքի ղեկավար Քյարամ Սլոյանը նշեց, որ իրենց համար կարևոր չէ, թե որ քաղաքական ուժի շնորհիվ է նախագիծն ընդունվել. «Իհարկե, մենք առանձնահատուկ շնորհակալ ենք պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից, սակայն մենք չենք տարանջատում որեւէ քաղաքական ուժի. բոլորն էլ մեր կողքին են եղել, բոլորից էլ շնորհակալ ենք։ Այս նախագիծը մեր համայնքի առաջնորդ Ազիզ Թամոյանի նախաձեռնությունն էր»։ Արդյո՞ք այդ նախագծի ընդունմանը նպաստեց նաեւ ԱԺ-ում իրենց համայնքի ներկայացուցիչ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի ներկայությունը, նա նշեց, որ պատգամավորն ուղղակի պահպանեց այն գործընթացի շարունակականությունը, որ սկսել էր Ազիզ Թամոյանը. «Ռուստամ Մախմուդյանի` պատգամավոր դառնալը որեւէ բան չի փոխել համայնքի կյանքում»։ Քննարկման մասնակից եզդիների համայքի հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանն իր հերթին նշեց, որ մինչ այս պահը այդ նախագծի չընդունումն ուղղակի խոսում էր եզդի ազգի նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին. «Նախորդ գումարման ԱԺ-ն, որը նախագահում էր Գալուստ Սահակյանը, քրդական հակում ուներ։ Մենք չէինք հասկանում այդ քրդամոլությունը, որ կա ԱԺ-ում` առավոտ քնում-զարթնում էին, քրդերի մասին էին խոսում։ Ուզում եմ ասել, որ քուրդ ազգ գոյություն չունի ոչ ՀՀ-ում, ոչ էլ աշխարում, մինչդեռ եզդի ժողովրդի անցյալը շատ դառն է եղել։ Մենք չենք հրահրում արյունահեղություն։ Հարցնում եք` ինչ է արել Ռուստամ Մախմուդյանը եզդի ժողովրդի համար. միայն այն, որ իր ներկայությամբ վիրավորում են եզդի ժողովրդին, ու նա ձայն չի հանում, ուրեմն նա էլ է համամիտ այդ մտքի հետ»։ ‎ Քյարամ Սլոյանն իր հերթին ավելացրեց, որ իրենք դեմ չեն, որ ԱԺ-ում ներկայացված է մեկ քուրդ` Կնյազ Հասանովը, սակայն, ըստ նրա, չպետք է մոռանալ, որ այսօր ՀՀ-ում եզդիների տարածքները փորձ են անում քրդացնել. «Եզդիական մի շարք գյուղերում քրդերեն են ուսուցանում։ Երբ Կնյազ Հասանովը ստացավ պատգամավորական մանդատը, դրանից 20 օր հետո նա հայտարարել էր էր, թե ԱԺ-ում երկու քուրդ պատգամավոր կա։ Թե ով էր 2-րդը, նա չի պարզաբանել։ Այսքանից հետո մեր ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը որեւէ կերպ չի արձագանքել։ Ինչպես սա հասկանանք։ Միայն մամուլի միջոցով ենք կարողացել այս հարցերը բարձրացնել, սակայն նա անձամբ չի ձգտել հանդիպել մեզ հետ։ ԱԺ-ն ուղղորդվում է կառավարության կողմից: Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ում ապրում է 42 հազար եզդի, որն ունի համայնքի ղեկավար` աշխարհում ճանաչված Ազիզ Թամոյանը։ Միայն Արագածոտնի մարզի 7 գյուղ քրդական է համարվում ու քրդերենով դասագրքեր են հրատարակում։ Հիմա սա ոնց գնահատենք։ Ալագյազ գյուղում 15 տարի է` տեռորիստների` քրդերի դրոշն է ծածանվում. ինչ է` չգիտե՞ն, որ քրդերի կողմից եզդիները կոտորվել են։ Այս մասին ԱԺ-ում ոչ մեկ ձայն չի հանում»: