Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի չեմպիոնները վայր դրեցին լիազորությունները

Սպորտ
a1chess-armenia-18.01.

Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի հանդիպումները:   Կանանց մրցաշարի առաջատարներից Մարիա Կուրսովան վստահ հաղթեց Սուսաննա Գաբոյանին: Իսկ ահա նրան համաքայլ ընթացող Աննա Սարգսյանը պարտվեց Մարիա Գեւորգյանին: Այդպիսով, Մարիա Կուրսովան վաստակեց 6 միավոր եւ միանձնյա սկսեց գլավորել մրցաշարային աղյուսակը: Աննա Սարգսյանը 5 միավորով մնաց երկրորդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Գալոյանը, որը այս տուրում հաղթեց Սոնա Ասատրյանին, 4,5 միավորով բարձրացավ 3-րդ տեղ: Գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը չնայած հաղթանակին եւ վաստակած 3,5 միավորներին, վայր դրեց իր լիազորությունները, քանի որ նա այլեւս չի կարող հասնել առաջնության ընդգծված առաջատարին: Վաղը նախատեսված նախավերջին՝ 8-րդ տուրում, Մարիա Կորսովան սպիտակներով կհանդիպի իր գլխավոր մարցակցի՝ Աննա Սարգսյանի հետ, եւ հաղթանակի դեպքում կնվաճի չեմպիոնի կոչումը:   Տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանն այսօր մրցեց իրենց հետապնդող երկու շախմատիստներից մեկի՝ Արման Փաշիկյանի հետ: Բավական երկարատեւ եւ լարված պայքարում անցած պարտիան 45-րդ քայլին ավարտվեց հաշտությամբ: Այդպիսով, Ռոբերտ Հովհաննսիյանը վաստակեց 5,5 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը: Արման Փաշիկյանն այժմ 4 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, քանի որ նրա հետ հավասար ընթացող Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տարավ այս տուրում եւ կես միավորով առաջ անցավ:   Տղամարդկանց Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը նույնպես վայր դրեց իր լիազորությունները, քանի որ այսօր ոչ-ոքի խաղաց Տիգրան Լ. Պետրոսյանի հետ, վաստակեց 2 միավոր եւ վերջնականապես կորցրեց առաջատարին հասնելու հնարավորությունը:   Վաղը կայանալիք 8-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի 7-րդ տեղում գտնվող Շանթ Սարգսյանի հետ, որը ոչ-ոքի է ավարտել իր բոլոր վեց պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը կհանդիպի Կարեն Գրիգորյանի, իսկ Արման Փաշիկյանը՝ Մանուել Պետրոսյանի հետ: Տղամարդկանց առաջնության ավարտին մնացել է չորս տուր: