Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք այն ուժն ենք, որ ունենք մանդատ ու իրավունք, որ առաջնորդենք. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստերի մեծ ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցին, անդրադարձավ հունվարի 19-ին իրենց նախատեսած երթին` ի նշան բողոքի գների թանկացման. «Եթե հասարակությունը անհրաժեշտ գործողություններ չանի, ապա այդպիսով քարտ-բլանշ կտա իշխանություններին։ Հաճախակի եմ լսում կարծիքներ` ինչով է երթը նպաստելու գների իջեցմանը։ Արդեն փաստ է, որ գների բարձրացումը Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելով է պայմանավորված։ Եթե հասարակությունը հստակ պահանջներ ձեւակերպի, ապա որեւէ բան բացառել հնարավոր չէ, այդ թվում` իշխանափոխություն։ Այսօր մենք գործում ենք մեր մանդատի շրջանակներում` այն 120 հազար ձայնի շրջանակներում, որ մենք ստացել ենք ընտրություններին։ Մենք հիմա ավելի մեծ մանդատ ենք ակնկալում։ Եթե հասարակությունը չտվեց այդ մանդատը, մենք ոչինչ անել չենք կարող։ Եթե առաջին հավաքից հետո տեսնենք, որ մենք դեռ տեղ ունենք հանրային ներգրավվածությունը մեծացնելու, մենք այդ տրամաբանությամբ կշարունակենք։ Ինչ վերաբերում է իշխանափոխության իրականացմանը, ապա, այո, մենք այն ուժն ենք, որ ունենք մանդատ ու իրավունք, որ առաջնորդենք, եթե ժողովուրդը կողմ լինի»: Լրագրողներից մեկը նրան հիշեցրեց նրա հայտարարություններից մեկը, ըստ որի` իրենք մարդկանց փողոց դուրս չեն բերի, եթե վստահ չլինեն իրենց հաղթանակի վրա, պարոն Փաշինյանը նկատեց. «Մենք ընդամենն ասել ենք` ո՞րն է քաղաքացու քայլելու նպատակը ու ինչ միջոցներով է դա իրականցվելու։ Եթե ժողովուրդը համախմբվի, ապա նրա հետ գալու ենք ԱԺ, առաջարկելու ենք, որ բոլոր ուժերը հրապարակային պարտավորություն ստանձնեն «Հարկային օրենսգրքում» այնպիսի փոփոխություններ անել, որ թանկացումները կասեցվեն։ Ես կարող եմ երաշխավորել` եթե հանրությունը մեզ տա այնքան վստահություն, համապատասխան փոփոխությունները Հարկային օրենսգրքում տեղի կունենան, հակառակ դեպքում քաղաքական մեծամասնության կողմից անտրամաբանական կլինի ամեն ինչ»։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` ֆեյսբուքյան մի օգտատիրոջ մեկնաբանության արձագանքին` «բոշան դու ես». «Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանի հանգանակությանը, ապա վաղն էլ Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե 80-ականների զենքը փոխելու համար ենք հանգանակություն անում։ Կառավարությունը օրենսդրական բոլոր լծակներն ունի այդ փողն ունենալու։ Ես կողմ եմ քվեարկել «Հազար դրամների» նախագծին, որ նման իրավիճակներ չլինեն։ Կառավարությունը ունի պահուստային ֆոնդ, էլ չեմ ասում` պաշտոնյաների տների մասին։ Եթե ՀԿ կամ ակտիվիստ անի նման հանգանակություն, հասկանալի է, քանի որ փող չունեն, սակայն այս դեպքում մի փոքր տարօրինակ է։ Մեկ էլ թող դրամահավաք սկսի զինվորներին սապոգներ առնելու համար։ Իսկ քաղաքացու նկատմամբ նման արտահայտությունն անընդունելի է։ Ստացվում է` Սերժ Սարգսյանի մոտ լուռ աշխատած Վիգեն Սարգսյանը, որ հայտնի էր իր զսպվածությամբ, հավասարակշռված մարդու համբավ էր ստեղծել, վերջին մի տարում, սակայն, տեսնում ենք, որ բոլորովին էլ այդպիսին չէ»։ Հարցին, թե իշխանական, թե ընդդիմադիր թեւից Ելքի երթին սատարում չկա. «Մենք Ելքի համար երթ չենք անում, մենք քաղաքական խնդիր ենք ձեւավորում, ու սա հանրության բոլոր շերտերին է վերաբերում ու այդ պայքարը մենք մտադիր չենք սեփականաշնորհելու։ Երբ էլ անեինք երթ, ասելու էի` ինչու նախկինում չեք արել։ Ժողովուրդ ջան, մենք նոր ենք փողոցից եկել ԱԺ. ինչ պիտի անեինք, որ չենք արել»: