Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը

Պաշտոնական
28677_b

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։  Զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար: Նախագահին ներկայացվել է նաև, որ ս.թ. հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկած յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումները շարունակվել են օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։ Հանրապետության Նախագահը կարևորել է ներկայացված ծրագրի նախագծի առարկայական քննարկումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքներից է կախված լինելու զինված ուժերի կառավարման արդյունավետությունը, պատրաստականության ու մարտունակության աստիճանի բարձրացումը, որը հնարավորություն կտա, ունենալով ժամանակակից զինված ուժեր, անձեռնմխելի պահել պետության սահմանները: Սերժ Սարգսյանը նշել է, որ ստեղծման օրվանից ՀՀ զինված ուժերը մշտապես գտնվել են զարգացման գործընթացում, որն այժմ հասել է մի փուլի, երբ պետք է ունենալ ավելի երկարաժամկետ զարգացման ծրագիր, որը կվերաբերի ինչպես զինված ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այնպես էլ զինատեսակների արդիականացմանը: