Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տրանսպորտի նախարարը Մուկուչյանի շկոլան է անցել». աջ ղեկով մեքենայի վարորդ (տեսանյութ)

Հասարակություն
mhm0118788.thumb_

Աջ ղեկ նախաձեռնությունը հունվարի 8-ի ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ հանդիպում է պահանջում միայն ՀՀ վարչապետի հետ և կսպասեն, մինչև նա վերադառնա քառօրյա արձակուրդից: Այսօր նրանք նորից հավաքվել էին կառավարության շենքի առջև: Վարչապետի փոխարեն նրանց կրկին ընդունեց ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: «Մեր համար վարչապետի հետ հանդիպումը գերնպատակ չէ, մեր համար նպատակը խնդրի լուծումն է»,-ասում է ակտիվիստներից Արտաշես Հարթենյանը: Երեկ ՀՀ կառավարությունն ընդունեց որոշման նախագիծը, որով արգելվում է հանրապետություն ներմուծել աջ ղեկով մեքենաներ:  Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանձնարարել է պատրաստել համապատասխան օրենքի նախագիծ, հաջորդ շաբաթ ներկայացնել կառավարություն, որպեսզի այն անհետաձգելի կարգով ներկայացվի Ազգային ժողով: Բողոքի ակցիայի մասնակիցները վրդովված էին, որ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը աջ ղեկով ավտոմեքենաների հարուցած խնդիրների մասին վիճակագրական տեղեկություն չներկայացրեց իրենց ակցիաների ժամանակ, այլ՝ դրանից հետո: Նրանք կասկածի տակ են առնում այդ տեղեկությունները: «Տրանսպորտի և կապի նախարարը անցել է Տիգրան Մուկուչյանի շկոլան, այսինքն՝ թվեր նկարելու շկոլան: Մի գիշերվա ստատիստիկան նկարել դա աբսուրդ է: Նստել մի գիշերում սուտ վիճակագրություն գրել ու ներկայացնել, թե եթե աջ ղեկով մեքենաները եթե չարգելեցինք, սրանք պոտենցիալ վտանգ են ներկայացնում: Դա անազնիվ քայլ է նախարարության կողմից»,-նշեց «Լոգոս»  իրավապաշտպան ՀԿ–ի նախագահ Արա Մելիքջանյանը: Բողոքի մասնակիցներն իրենց հետ բերել էին առաջարկություններ կառավարությանը: «Ա1+»-ի հարցին՝ որքանով են հավանական, որ իրենց առաջարկություններով կարող են փոփոխություն մտցնել արդեն ընդունված որոշման մեջ, վրդովեցրեց ասուլիսին ներկա կառավարության ներկայացուցչին: Լրագրողները հակադարձեցին, որ հարցը սխալ չէր և տրամաբանական էր և ուղղված էր ոչ իրեն: