Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանը չի դառնա Սիրիա. Տիգրան Դավթյան (տեսանյութ)

Քաղաքականություն
HCLuSb6q4aU

Իրանի Իսլամական Հանրապետությունում իրադարձությունների հրապարակայնությունը շատ է մեծացել: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեցին իրանագետներ՝ Տիգրան Դավթյանը և Ռուբիկ Մինասյանը: «Հրապարակայնությունը նախորդ ցույցերի համեմատ շատ է մեծացել: Այն ժամանակ իրենց խորհրդարանում Նիկոլ Փաշինյան չունեին, բայց այս խորհրդարանում արդեն 2-3 պատգամավոր, որոնք հիմնականում նախագահի թևից են, պահանջել են ոստիկանությունից ցույցերի ընթացքում ձերբակալվածների ցուցակներ ներկայացնել և նշել, թե ինչ պայմաններում են պահվում»,- ասում է Տիգրան Դավթյանը: Ռուբիկ Մինասյանը փաստում է, որ բողոքի ակցիան հիմնականում տարածվել է համացանցի միջոցով: «Իրանում հիմնականում օգտագործում են Telegram-ը, և այնտեղ մի խումբ կար, որ մեկ միլիոն անդամ ուներ: Դա էր տարածում կոչերն ու ցույցերի տեսանյութերը: Դրա համար արևմտյան լրատվամիջոցները սա որակում էին որպես համացանցային շարժում»,- ասաց Ռուբիկ Մինասյանը: Իրանագետ Ռուբիկ Մինասյանը կարևորում է այն հանգամանքը, որ Իրանի բնակչության մոտ 60 տոկոսը երիտասարդներ են, և ուսանողներն էլ շատ քաղաքականացված են: Սա բերում է նրան, որ ցույցերն արագ են բռնկվում: Իրանագետները կանխատեսում են, որ Իրանում բարեփոխումներ կլինեն, սակայն Տիգրան Դավթյանը փաստում է, որ միջազգային ոչ մի փորձագետ Իրանի սիրիացում չի նախատեսում: Խոսելով իրանաբնակ հայերի մասին՝ Տիգրան Դավթյանը փաստում է՝ նրանց ոչ մի վտանգ չի սպառնում: Հայն էլ մյուսների նման ունի սոցիալական խնդիրներ, և եթե հարյուրավոր իրանցիներ մասնակցում են այդ ցույցին, ապա կարող են որոշ իրանահայեր էլ գնալ և իրենց սոցիալական իրավունքները պաշտպանել, սակայն խռովարարություններին նրանք մասնակցություն չեն ունենում: