Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանում բողոքի ցույցերը ստանում են քաղաքական բնույթ (տեսանյութ)

Քաղաքականություն
7BE507FB-3428-4000-A53A-7A36B77DE767_w1023_r1_s

Հազարավոր մարդիկ շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել Իրանում: Սա 2009 թվականից ի վեր ամենախոշոր բողոքի ալիքն է երկրում: Ոստիկանության և ցուցարարների միջև տեղի են ունենում արյունալի բախումներ, որոնց ընթացքում գրանցվել են տասնյակ զոհեր երկու կողմից: Որոշ քաղաքներում ցուցարարները գրոհել են ոստիկանական մի քանի տեղամասեր ու հրդեհել դրանք: Ավելի քան 400 ցուցարար ձերբակալվել է:  Սկզբնական շրջանում ցուցարարների բարձրացրած պահանջները կրում էին տնտեսական բնույթ: Նրանք բողոքում էին ընդդեմ վառելիքի ու սննդամթերքի գների բարձրացման: Սակայն բողոքի ցույցերն աստիճանաբար ստացան քաղաքական բովանդակություն եւ ուղղվեցին ընդդեմ երկրի նախագահ Հասան Ռոհանիի։ Այժմ բողոքի ալիքն ուղղվում է ընդդեմ երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիի: Վերջինս ցույցերի կազմակերպման մեջ մեղադրել է թշնամիներին, ովքեր ցանկանում են վնաս հասցնել Իսլամական հանրապետությանը: Նա անուններ չի տվել, սակայն Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ցույցերի կազմակերպման մեջ մեղադրել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին օրերս թվիթերյան գրառման միջոցով այս իրավիճակի ստեղծման մեջ մեղադրել էր Իրանի կառավարությանը՝ ընդգծելով, որ Իրանի հասարակ ժողովուրդը սննդամթերքի, ազատության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունի: Կիրակի օրը Վաշինգտոնում Սպիտակ տան առջև տեղի ունեցավ բողոքի ցույց ընդդեմ Իսլամական Հանրապետության իշխանությունների և ի պաշտպանություն Իրանում ընթացող ցույցերի: Ամերիկայի Ձայն