Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնաս բարով 2017. գալդ բարի 2018

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a1plus

Երբ ավարտվում է տարին, եւ արդեն դռների մոտ է նորը, ժամերը շատ արագ են թռչում։ Ակնթարթը բաց ես թողնում, եւ արդեն ժամանակը թվագրվում է նոր թվերով։ Երբ պայթում են շամպայնի շշերը՝ Նոր տարվա գալուստն ավետելու համար, ամեն ինչ նմանվում է հայտնի տեսարանին՝ թագավորը մահացավ, կեցցե թագավորը։ Ու քանի դեռ ապրում ենք հին թագավորի խաղի կանոններով, հասցնենք մի քանի տողով շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեզ հետ կիսեցին տարվա ուրախություններն ու տխրությունները. դժվարություններն ու հաջողությունները. ամփոփելու համար ավելի երկար ժամանակ է պետք։ «Ա1+»-ի շնորհակալության առաջին բաժակի հասցեատերն անփոփոխ է՝ հավատարիմ ընթերցողը եւ հեռուստադիտողը, որը  չի փոխում կամ լքում մեզ՝  հանուն լավագույն առաջարկների։ Սիրելի ընթերցող, առանց քո հեռակա , անտեսանելի կամ տեսանելի  հոգեբանական աջակցության մեր աշխատանքը չէր լինի։ Շնորհակալություն վստահության համար, ներողություն, եթե ժամանակ առ ժամանակ չենք արդարացրել քո սպասելիքները, դրանք ուղղելու համար առջեւում մի նոր տարի կա։ Շնորհավոր, Նոր տարի, թող այն լինի սպասելիքների արդարացման եւ ցանկությունների իրակացման բեղմնավոր տարի։ Սիրով եւ ժպիտներով՝ «Ա1+»-ի թիմ Հ.Գ Մենք  էլ ենք հանգստանում հունվարի առաջին շաբաթը՝ օգտվելով կառավարության դեռեւս գործող որոշումից։ Հաջորդ տարի տոնական օրերը պակասելու են։ Սա չի նշանակում, որ կայքն ամբողջությամբ չի թարմացվի. հրատապ լուրերը անմիջապես կհայտնվեն կայքում։