Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտահերթ զեկույց՝ ՀՀ-ում փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների վերաբերյալ

Պաշտոնական
mip

Դեկտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայացվել է Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը: Այն մշակվել է Պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանական դպրոցի,  ոլորտի այլ իրավասու պետական մարմինների և  հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է զեկույցը կազմելիս համատեղ աշխատանքի կարևորությունը Միգրացիոն պետական ծառայության, ԱԱԾ սահմանապահ զորքերի, Քրեակատարողական ծառայության և այլ մարմինների ու ոլորտի ՀԿ-ների հետ: Հանդիպման ընթացքում Պաշտպանը կարևորել է Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող, ինչպես նաև ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովումը: Արման Թաթոյանն իր խոսքում անդրադարձել է արտահերթ զեկույցի հիմնական ուղղություններին: Կարևորվել է ոլորտի օրենսդրական դաշտի, հատուկ հաստատություններում փախստականների և ապաստան հայցող անձանց, ինչպես նաև Միգրացիոն պետական ծառայության որոշումների կայացման շրջանակներում ապաստան հայցողների իրավունքների ապահովման վիճակի վերլուծությունը:   Միջոցառման ժամանակ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը նշել է, որ զեկույցն ունի ուղենշային նշանակություն ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև փախստականների իրավունքների ապահովման կառուցակարգերի հետագա կատարելագործման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ իրականացնելու համար: Նա առաջարկել է բոլոր իրավասու պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ուսումնասիրելու զեկույցն ու դրանում արտացոլված առաջարկությունները: Քրիստոֆ Բիրվիրթը ընդգծել է ապաստանի ինստիտուտի կարևորությունը հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով հազարավոր այն հայերին, ովքեր փախստականի կարգավիճակ են ստացել Ռուսաստանում, Եվրոպայում և այլ երկրներում: Նա բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը Սիրիայի հակամարտության արդյունքում մոտ 15,000 հարկադրաբար տեղահանված անձանց ընդունելու հարցում: Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը հայերենով և անգլերենով հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.ombuds.am/media/artahert-hraparakayin-zekuyc.html Ծրագրի շրջանակում հրատարակվել է նաև Հայաստանում փախստականների իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև Պաշտպանի կողմից դիմումի քննարկման ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ: Բացի հայերենից, դրանք տպագրվել են նաև Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց շրջանում առավել տարածված վեց լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և պարսկերեն:   Հարգանքով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ