Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կվադրոցիկլի ու ձյունաճահճագնացի երթեւեկությունը ավտոմոբիլային ճանապարհներին կարգելվի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj-2

ՀՀ ոստիկանությունը «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ է առաջարկում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՃՈ իրավաբանական բաժնի պետը նշեց, որ ներկայումս ձյունագնացները գրանցվում են Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչությունում՝ որպես առավել մեծ վտանգ ներկայացնող տրանսպորտային միջոց. դրանք պետք է շահագործվեն ճանապարհից դուրս: «Հիմա դրան հավասարվելու է նաեւ կվադրոցիկլը: Դրա համար պատասխանատվություն ենք նախատեսում, որ ճանապարհով չշահագործվի, այլ ճանապարհից դուրս: Սակայն կա դրա մեկ այլ տեսակ՝ քվադրոցիկլը, դրանք տարբերվում են նրանով, որ համապատասխանում են տրանսպորտային երթեւեկության պահանջներին՝ ունեն թարթիչներ, տեսանելիության հայելիներ, ցեխապատպան գոգոնոցներ եւ նախատեսված են ճանապարհներով երթեւեկելու համար»,- նշեց ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը: ՀՀԿ խմբակցության անդամ, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին մտահոգում էր ճանապարհներով կենդանիների անցումը.  «Յուրաքանչյուրդ հանդիպած կլինի՝ մեքենա վարելիս շատ է  հանդիպում, երբ ճանապարհը կենդանիները փակում են: Երկաթուղային գիծն անցնելիս ինչպե՞ս պետք է արվի: Հիմա, եթե անվտանգության կանոնները չեն պահպանվում, ո՞վ պետք է տեր կանգնի դրան»: «Կա պատասխանատվություն այդ հոտը քշողի համար: Այդ հոդվածի կատարումը վերապահված է ոստիկանությանը, սակայն դա բացահայտելու համար գործնականում շատ բարդ է, քանի որ շատ հաճախ անասուն քշող չի լինում հենց այդ անասունների հետ՝ իրենք ինքնաբերաբար ոնց շարժվում, շարժվում են»,- պատասխանեց Արման Չիլինգարյանը:   Ելք խմբակցության անդամ Սասուն Միքայելյանին հետաքրքրում էր կվադրոցիկլի շահագործման կանոններն ու պատասխանատվությունը. «Հիմա կվադրոցիկլը ճանապարհին վթարի է ենթարկվել, հիմա ո՞նց է լինելու, ի՞նչ հիմքեր է ունենալու՝ այն վարելու համար»: «Կվադրոցիկլ վարելն արգելվում է, հետեւաբար այդտեղ վարորդական իրավունքի հարց չի առաջանում: Բացի կվադրոցիկլի ձեռքբերման փաստաթղթերից, էլ ոչինչ չպետք է ունենա վարորդը»,- արձագանքեց Արման Չիլինգարյանը: Երթեւեկության կանոնակարգման համար, ըստ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, անհրաժեշտ է խստացնել վարորդական իրավունքի տրամադրման կարգը: «Վերլուծությունները ցույց են տալիս, որ տրանսպորտային պատահարների մի զգալի մասը կատարվում են այնպիսի վարորդների կողմից, որոնք, ըստ էության, թույլ են տալիս այնպիսի ակնհայտ ու կոպիտ սխալներ, այդ թվում՝ խախտումներ, որոնց հետեւանքով առաջանում են ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ մահացու ելքով կամ ծանր մարմնական վնասվածներով, որ ըստ էության, այդ մարդիկ վարորդական իրավունք չպետք է ունենային»,-նկատեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:    «Բոլոր արդյունքները քննությունների՝ թե տեսական, թե գործնական, պետք է օնլայն կարգով հրապարակվի մեր կայքէջում: Արգելվում է այսուհետ մեր աշխատակիցների՝ ՃՈ-ի կողմից, որ որեւիցե մեկը մոտենա այդ քննություններին, որեւիցե կոնտակտի մեջ մտնի»,- վստահեցրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:  Նախագիծը հանձնաժողովի նիստին ստացավ դրական եզրակացություն եւ կքննարկվի արդեն ԱԺ 2018թ. անցկացվելիք նիստերի ժամանակ: