Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ունենք կայուն քաղաքական իրավիճակ. Շարմազանով (տեսանյութ)

Պաշտոնական
sharmazanov

 Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին խնդիրները: Նա շեշտեց, որ ՀՀԿ-ն 2017 թ.-ի քաղաքական տարին դրական է գնահատում: «Մենք այս տարի իրականացրեցինք շատ դրական խորհրդարանական ընտրություններ, որոնք ստացան միջազգային հանրության և միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների դրական վերաբերմունքը: Ավելին՝ մենք ունենք կայուն քաղաքական իրավիճակ, որն ամենաանհրաժեշտ գործոններից մեկն էր թե՛ տնտեսական աճի, թե՛ առհասարակ զարգացման համար»,- ասաց նա: Շարմազանովի գնահատմամբ՝ այս տարին ևս ապացուցեց, որ ՀՀ-ն գնում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով: Նա հիշեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիր ստորագրումը: ՀՀԿ խոսնակը կարծում է, որ ՀՀ–ն կարողացել է նաև լուրջ քայլեր անել անվտանգության համակարգի ամրապնդման և բանակի հզորացման ուղղությամբ: «Մենք առաջնթաց ունեցանք նաև արտաքին մարտահրավերներին դիմակայելու հարցում` նկատի ունեմ թե՛ Արցախյան հիմնահարցը, թե՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որտեղ կարողացանք  որոշակի դրական տեղաշարժեր ապահովել»,- շարունակեց Էդուարդ Շարմազանովը: Վերջինս անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը, թե պատրաստ են Ղարաբաղին տալ բարձր կարգավիճակ: Շարմազանովն Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունները հիմնազուրկ  ու անհեթեթ որակեց: «Ի՞նչ է նշանակում Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավարության ավելի բարձր կարգավիճակ: Ինչպե՞ս կարող է մի պետությունը մեկ այլ անկախ պետության տալ ինչ-որ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փաստացի անկախ պետությունն է, և Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը նույն օրենսդրական հիմքերով փաստացի առանձնացել են Խորհրդային Միությունից»,-  շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: Շարմազանովը կարծում է, որ դա եղել է ընդամենը հայտարարություն ներքին սպառման համար, սակայն ուշացած է, հիմնազուրկ և ոչինչ չտվող: «Կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, կան երեք սկզբունքներ, որտեղ հստակ ամրագրված է ինքնորոշման իրավունքի իրացումը, կա նաև ՀԱՊԿ-ի դեկտեմբերյան հայտարարությունը, որտեղ ընդունվում է ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման գաղափարը, նաև նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարությունը, որտեղ ևս նշվում է երեք սկզբունքների միասնական կիրառման մասին: Այս իմաստով նման հայտարարություններն անիմաստ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն: Չի կարող մի անկախ երկիրը մեկ այլ անկախ երկրի տրամադրել կարգավիճակ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտեց, որ բանակցությունները գնում են, իսկ Հայաստանը հաստատ դրա շուրջ չի բանակցում: «Հայաստանը բանակցում է երկու կարևոր հարցերի շուրջ, ինչի մասին խոսել է Հայաստանի Նախագահը Ժնևում Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Նա հստակ նշել է, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի մաս: Երկրորդը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները մեզ համար շատ կարևոր են: Այս երկու հարցերում Հայաստանը և Արցախը որևէ զիջման գնալու խնդիր չունեն: Եթե ադրբեջանցիները փորձում են սա ներկայացնել որպես փոխզիջում, ընդամենը մի բան կարող ենք ասել՝ բարև ձեզ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: