Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևան-Արտաշատ ճանապարհի 8 կամուրջների և ուղեանցերի շինարարությունն ավարտվել է (տեսանյութ)

Պաշտոնական
hyusis-harav

«Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում 2016 թ. սեպտեմբերին մեկնարկած 8 կամուրջների և ուղեանցերի կառուցման ու հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամկետում։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց կատարեց, ծանոթացավ կատարված աշխատանքներին։ Այնթապի կամուրջն ամբողջությամբ վերակառուցվել է, ափային հենարանների հիմքերի վրա կառուցվել է նորը։ Մասիս-Այնթապ համայնքները կապող կամրջային հանգույցում նախարարը մեկուսացման որոշակի թերություններ նկատեց և հանձնարարեց շտկել դրանք։ Մասիս քաղաքը Մարմարաշեն համայնքին կապող կամուրջը նորակառույց է։ Նորակառույց է նաև Բուրաստանի ուղեանցը, որը համայնքի բնակիչների գյուղտեխնիկայի և անասունների համար անվտանգ երթևեկ ու անցում է ապահովում դեպի վարելահողեր ու արոտավայրեր։ Արաքսավան-Դիմիտրով և Արտաշատի կամուրջների մի շարք հատվածներում մնացել են միայն արգելապատնեշների տեղադրման և գծանշման որոշակի աշխատանքներ։ Նախարարին ներկայացնելով իրավիճակը՝ շինարարները նշեցին, որ մեկ-երկու օրից աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն։ Վերակառուցվել է նաև Մասիս-2 կամուրջը, որը Մասիս գյուղական համայնքից կապ է ապահովում դեպի վարելահողեր։ Գյուղապետը մտահոգություն ներկայացրեց՝ կապված ոռոգման համակարգի հետ։ Շինարարը պարտավորվեց ուսումնասիրել և լուծում տալ խնդրին։ Նախարարն առանձնակի ուշադրություն է դարձնում անվտանգության խնդիրներին։ Նա հանձնարարեց մի քանի կամուրջների և ուղեանցերի ճանապարհամերձ հատվածներում ավելացնել արգելափակոցները, ճանապարհամերձ հատվածներին մոտ գտնվող բարձր լարման էլեկտրասյուները տեղափոխելու հնարավորություններն էլ քննարկել էլեկտրացանցի ներկայացուցիչների հետ և լուծումներ գտնել։ «Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում կամուրջների և ուղեանցերի շինարարության ընթացքում  որոշ ժամանակահատվածում երթեկությունը տեղ-տեղ միակողմանի փակվել էր և կազմակերպվում էր շրջանցիկ: Մայիսի 25-ից կամուրջներին հարող հատվածներում այն երկկողմանի վերականգնվեց: Մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն ու բարեկարգումը շարունակվեցին և ավարտին հասցվեցին արդեն բաց երթևեկության պայմաններում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն