Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք տարածքով փոքր ենք, սակայն մտքով շատ մեծ». Էդ. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov-1

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով տարին, անդրադարձավ ԵՏՄ մեր անդամակցության արդյունքներին. «Տարին բավականին հուսադրող է. մենք լավագույն երկիրն ենք տնտեսական ցուցանիշների առումով, անգամ Վրաստանի հետ համեմատ։ Մենք առաջ ենք նաեւ Թուրքիայից ու Ադրբեջանից։ Ինչ վերաբերում է ԵՄ հետ հարաբերություններին, ապա մենք քաղաքական երկխոսության զարգացումը շատ ենք կարեւորում, թեեւ շարունակում ենք մեր ռազմավարական գործընկեր ՌԴ հետ համագործակցությունը»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելուն, ապա նա նշեց. «Ես կլինեմ շարմազանովական ոճի մեջ` տարին կգա, բարին հետը, նա իր հարցազրույցում սպառիչ պատասխաններ տվել է։ Դեռ ՀՅԴ հետ չենք հավաքվել, քննարկել, հենց հավաքվենք, քննարկենք, կասենք։ Ես չեմ ճանաչում 2-րդ գործիչ, որ կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին քաղաքականություն, քան Սերժ Սարգսյանը։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելի գործիչներ։ Օրինակ` Վահան Հովհաննիսյանն անփոխարինելի է»։  Ինչ վերաբերում է այս եւ նախորդ գումարման խորհրդարանների ընդդիմություններին, զուգահեռներին, համեմատությանը, ապա Էդուարդ Շարմազանովը նշեց, որ օբյեկտիվ կարծիք չի կարողանում հայտնել. «Ես նույն օպերայից եմ, դրա համար չեմ կարող կարծիք հայտնել։ Հարգանք ունեմ բոլորի նկատմամբ. նրանք բոլորը հրաշալի, հայրենասեր մարդիկ են։ Եթե անգամ նիստերի ժամանակ բանավեճեր են լինում, դա նորմալ է, քանի որ այնպես չէ, որ միշտ պետք է ինձ կամ Բաբլոյանի ցանկությունները միշտ իրականացնեն։ Ինչ վերաբերում է ԱԺ վերջին նիստին Ելքի` պարբերաբար ընդմիջում վերացնելուն, ապա նորմալ է. մենք ընդամենը կնստենք, կքննարկենք միասին, թե ինչպես կարելի է բարեփոխել։ Ձայնը լռեցնելը լավ բանի չի հանգեցնի։ Մենք էլ իդեալական չենք, որ գնահատական տանք ընդդիմությանը»։  Նա անդրադարձավ նաեւ ՄԱԿ-ի` Երուսաղեմի մասին ընդունած որոշմանը, որին ՀՀ կողմ է քվեարկել` այդպիսով դեմ արտահայտվելով ԱՄՆ-ի դիրքորոշմանը. «Յուրաքանչյուր երկիր, այդ թվում` ՀՀ-ն ունի իր մարտահրավերները։ Մենք քվեարկել ենք այնպես, ինչպես պահանջում է գործող բանակցային գործընթացը, մեր հայության շահը, այն է` չանել քայլեր, որոնք հավելյալ խնդիրներ կարող են առաջացնել Երուսաղեմի հայությանը, մեր պատրիարքարանին։ ԱՄՆ-ի դիրքորոշմանը դեմ են քվեարկել եվրոպական շատ երկրներ, այդ թվում` նրա դաշնակից շատ երկրներ։ Մենք առաջնորդվել ենք «մի վնասիր»-ի սկզբունքով։ Մենք ինչպես որ դեմ ենք, որ չպետք է ընդունվեն բանաձեւեր, որոնք դեմ են Մինսկի խմբի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիրքորոշմանը, այնպես էլ այս դեպքում։ Ի դեպ, ուզում եմ ասել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վերելքի վրա են, ունենք գործընկերային հարաբերություններ։ Մեր քվեարկությունը ԱՄՆ դեմ չէր ուղղված կամ կողմ չէինք որեւէ երկրի, այլ այսպիսով պահպանել ենք բանակցային գործընթացը, տարածաշրջանային կայունությունը։ Մենք տարածքով փոքր ենք, սակայն մտքով շատ մեծ»: