Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապագաղութացման առաջնահերթ գործողություններ. Դուրս բերել ՌԴ ռազմակայանը

Քաղաքականություն
sasna-crer-varuzhan

Վարուժան Ավետիսյանի հոդվածը

ՌԴ ռազմակայանը ՀՀ-ում ռուսական գաղութատիրության երկու հիմնական համակարգաստեղծ բաղադրիչներից մեկն է: Մյուսը ռուսահպատակ գործակալական վերնախավն է, որին անդրադարձ է եղել նախորդ հոդվածներում:

Եթե անդրադառնանք ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի մասին 1995թ. մարտի 16-ի (ուժի մեջ է մտել 1997թ. նոյեմբերի 11-ին) պայմանագրի (այսուհետև՝ Պայմանագիր) նպատակին, որը սահմանված է Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, ապա կտեսնենք, որ ըստ Պայմանագրի՝ «Ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու ժամանակահատվածում, բացի ՌԴ շահերը պաշտպանելու գործառույթից, ՀՀ Զինված ուժերի հետ միասին ապահովում է ՀՀ անվտանգությունը»:
Առաջին հայացքից բնական, տրամաբանական և նույնիսկ վստահություն ներշնչող այս ձևակերպումն իրականում գաղութացման բանալի է:

Պատճառն այն է, որ Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերը չեն համընկնում: Ռուսաստանը մեր տարածաշրջանում իր շահերը կարող է իրացնել միայն մեր շահերի հաշվին: Իսկ եթե նա ռազմական անվտանգության նկատմամբ խիստ կարիքավոր ու զգայուն Հայաստանում ունի ռազմակայանի նման արդյունավետ ուժային բաղադրիչ, ապա ծրագրային և հետևողական լինելու պարագայում կարող է դրա վրա հենվելով և այն գործադրելով՝ Հայաստանը գործիք դարձնել իր համար և մինչև նրա վերջնական սպառումն այն օգտագործել իր շահերն ապասարկելու նպատակով:

Ռազմակայանի վրա է հիմնվում և նրա շուրջն է կառուցվում Հայկական բանակի և, առհասարակ՝ մեր պաշտպանական-անվտանգային համակարգի, նկատմամբ ՌԴ-ի ռազմավարական կառավարում հաստատելու, որով՝ դրանց ռազմավարական զարգացման, հզորացման և մեր անվտանգության իրական կարիքների մակարդակին հասնելու հեռանկարից մեզ զրկելու (այդ թվում՝ տեխնիկատեղեկութային և կադրային մասնագիտական կախյալությունը պահպանելու ու խորացնելու միջոցով) և Հայաստանը (Արցախը ներառյալ) վերջնականորեն գաղութ-կայազորի վերածելու Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրի ռազմաքաղաքական ուղղությունը:

Ռազմակայանի առկայության շնորհիվ է, մասնավորապես, Ռուսաստանին հաջողվել փաստացի յուրացնել մեր ՀՕՊ-ը և վերահսկողության տակ առնել Թուրքիայի և Նախիջևանի ուղղությամբ տեղակայված զորամիավորումները: 
Ռազմակայանի առկայությունն է, որ «իմաստավոր» ու «առարկայական» է դարձնում ռուս-թուրքական երկընտրանքի դավադիր ու կեղծ ձևաչափը, դրա մեջ ռուսական սվինի ընտրությունը, ինչպես նաև մեր անվտանգային ինքնուրույնությունն էապես սահմանափակող և, ռուս-թուրքական երկընտրանքից զատ, մեզ համար գոյութենական հավելյալ մարտահրավերներ ստեղծող՝ Ռուսաստանի հետ երկկողմ և նրա առանցքով ստեղծված բազմակողմ (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ) ձևաչափերում Հայաստանի բռնի ու կախյալ մասնակցությունը:

Ասվածից հետևում է, որ ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի, որպես ռուս-թուրքական ցեղասպան երկընտրանքը գետնի վրա առարկայացնող գործոնի, որպես ռուսական գաղութատիրության երկու համակարգաստեղծ բաղադրիչներից մեկի, առկայությունը և գործունեությունը և դրա միջոցով իրականացվող ռուսական քաղաքականությունը մեզ զրկում են մեր անվտանգային կարիքներին համապատասխանող ինքնուրույն պաշտպանական-անվտանգային համակարգ ունենալու, այդու՝ ինքնիշխան ազգային պետություն ստեղծելու, Հայրենիքին վերատիրանալու և հայության ու Հայաստանի առաքելությունը վերաստանձնելու, ասել է թե՝ ապագա ունենալու հեռանկարից:
Ուստի Ռազմակայանը պետք է դուրս բերվի:

Այդ գործընթացը կարող է իրականացվել երկու տարբերակով՝ փուլային ու մաս-մաս և միանգամից ու ամբողջությամբ:

Փուլային ու մաս-մաս տարբերակի պարագայում, որն ավելի նախընտրելի է, քանի որ կողմերին հնարավորություն է տալիս պլանաչափ կերպով լրացնելու իրենց պաշտպանական-անվտանգային համակարգերի բացերը, որոնք օբյեկտիվորեն կառաջանան ռազմակայանը դուրս բերելու պարագայում:
Հայաստանի կողմից այդ տարբերակով Ռազմակայանը դուրս բերելու առաջարկությունը պարտադիր կերպով առնվազն պետք է պարունակի հետևյալ պահանջները.

1)Ռուսական կողմն անհապաղ կերպով դուրս է բերում Ռազմակայանի երեք տարրերից (ցամաքային, հետախուզական և ՀՕՊ ու ավիացիա) երկուսը՝ ցամաքային և հետախուզական ստորաբաժանումները՝ թողնելով միայն ՀՕՊ-ը և ավիացիան:

2)Պայմանագրի գործողության ժամկետը (Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրության համաձայն՝ մինչև 2046թ., հնգամյա ժամանակահատվածներով հետագա երկարաձգումների հնարավորությամբ) վերանայվում է: Այն չի կարող նախկին ժամկետից (2022թ.) ավելի երկար լինել, ընդ որում՝ չի կարող ունենալ երկարաձգման հնարավորություն:

3)ՀՀ-ում ՌԴ Ռազմակայանի գտնվելու արտոնյալ (անհատույց տեղակայում և երկկողմ պահպանման ծախսեր) ֆինանսական պայմանները վերանայվում են: ՌԴ-ն պետք է վճարի միջազգային չափանիշներին համապատասխան:

4)Վերաձևարկվում և վերահաշվարկվում են Ռազմակայանի գտնվելու հետ կապված փոխադարձ ֆինանսական պարտավորությունները՝ հաշվի առնելով կողմերի՝ դրանց հետ կապված գործողությունների փաստացի կատարման և կատարածի իրական արժողության հանգամանքները:
Միևնույն ժամանակ՝ հարկավոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման և, եթե ռուսական կողմը մերժի այս առաջարկությունը, նրանից պահանջել անհապաղ դուրս բերել Ռազմակայանն ամբողջությամբ և ապահովել այդ պահանջի կատարումը: