Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում քվեարկության է դրվել մի նախագիծ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել է մեկ ուրիշը (տեսանյութ)

Քաղաքականություն
datakan-orensgirq

2017 թ.  Դատական օրենսգրքի նոր  նախագծի մեջ գտած կարգավորումներն ու սահմանումները ամբողջովին հակասում  են  2015 թ. ընդունված սահմանադրությանը: «Այս մասին կարծիք տվեց Վենետիկի հանձնաժողովը, բայց ի՞նչ արեցին Հայաստանի իշխանությունները: Մինչ Վենետիկի հանձնաժողովը այս սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ պատրաստում էր կարծիք,  մշակվեց մի նոր նախագիծ՝ գործող դատական օրենսգրքի մեջ փոփոխություններ իրականացնելու մասին»,- ասում է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Իրավապաշտպանն ընդգծում է՝  հիմա  ԱԺ կայքում զուգահեռաբար նույն օրենքի վերաբերյալ  երկու նախագիծ է դրված: ԵՄ-ի կողմից իրականացված արդարադատության մոնիտորինգ ծրագրի շրջանակներում հետազոտության ժամանակ ՀՀ-ում բնակչության 4 տոկոսն է վստահում դատական իշխանությանը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավարը  ցավով է  նշում՝  բարձրաձայնված ոլորտի խնդիրները իրականում անտեսվեցին: Միաժամանակ առաջիկա տարիներին նախատեսվում է դատաիրավական բարեփոխումների իրականացում:  Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է՝ բարեփոխումների իմաստը մեկն է.«ԵՄ-ից ֆինանսներ վերցնել բարեփոխումների համար, որովհետեւ ԵՄ-ն ամեն անգամ դրել է դատարանների անկախության խնդիրը»:  ԵՄ-ի հետ ստորագրված պայմանագիրը, ըստ իրավապաշտպանի, արդեն խախտվում է, քանի որ կետերից մեկը դատարանի անկախության խնդիրն է:  Ավետիք Իշխանյանը միաժամանակ ընդգծում է՝ մյուս տարվանից դատաիրավական բարեփոխումների շրջանակում  դատական նոր օրենսգրքով ձևի փոփոխություն  ենք ունենում, իսկ բովանդակությունը մնում է նույնը:  «Հիմա ոչ թե նախագահից է լինելու կախված դատաիրավական համակարգը, այլ կախված է լինելու կուսակցությունից, իսկ քանի որ կուսակցությունը կախված է իր գլխավոր քարտուղարից կամ նախագահից, ապա մենք ունենում ենք այդ նույն իրավիճակը:  Նախագահի փոխարեն ունենում ենք կուսակցության ղեկավարից կախված դատաիրավական համակարգ:  Դատական օրենսգիրքը  ինչ-որ առումով դառնում է երկրորդական»:  Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով՝ խորհրդարանի կողմից ընդունված՝ այսպես կոչված բարեփոխված Դատական օրենսգրքում անգամ ձգտում չկա լուծել այն խնդիրը, որ յուրաքանչյուր դատավոր իրեն անկախ զգա. «Դատավորների նկատմամբ հաճախ է ճնշում իրականացվում հենց  դատական իշխանության վերնախավի կողմից: Մի բան  է դատական իշխանության անկախությունը, բոլորովին ուրիշ բան է դատավորի անկախությունը:  Մենք պիտի ձգտենք ոչ այնքան դատական իշխանության անկախության, այլ պիտի ձգտենք, որ յուրաքանչյուր դատավոր արդարադատություն իրականացնելիս  ինքն իրեն զգա անկախ եւ փաստացի էլ լինի այդպիսին»:    Բանախոսներն այսօր նաեւ կարծիք հայտնեցին, որ 100 հազար դրամ տուգանքի դրույթը չի եղել Վենետիկի հանձնաժողովին ուղարկված տարբերակում:  ԱԺ-ում քվեարկության է դրվել մեկ նախագիծ, իսկ Վենետիկի հանձնաժողովին ուղարկվել է մեկ ուրիշը: Ավելին՝ տեսանյութով