Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զսպել սիգ ուտելու ախորժակը. նախարարի կոչը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
bnap

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր ամփոփիչ մամուլի ասուլիսին անդրադարձավ տարվա ընթացքում իրենց կատարած եւ առաջիկայում նախատեսվող բարեփոխումները. «Դեռեւս հասարակության մեջ առկա է ցածր էկո մշակույթ եւ գիտակցություն։ Այս ամենը կարգավորելու արդյունքում կարող ենք հասնել ավելի կայուն ու վստահելի բնապահպան քաղաքականության կառուցման»։ Անդրադառնալով ստորգետնյա ջրերին` նա նշեց, որ այդ մասով այս տարի եղել է գերշահագործում, որը աստիճանաբար իջեցվելու է. «Այս պահին 124 ստորգետնյա ջրերի հոր է աշխատում, 115-ը` ոչ։ Կա 7 տնտեսություն, որոնք առանց թույլտվության են իրականացնում ջրառատ։ Նրանց մեջ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կամ նրա եղբորը պատկանող հոր չկա»: Ախթալայի լեռնաարդյունաբերական հանքի մասով, որտեղ բազմաթիվ չարաշահումներ են գրանցվել, նախարարի խոսքով, տեսչությունում վարույթ է հարուցվել, որի ընթացքում փորձանմուշներ կվերացվեն. «Ստուգումների, թե զննության կարգով խնդիրները կբացահայտվեն, դա տեսչությունը կորոշի։ Գործի քննության ավարտից հետո պարզ կլինի` մեղավոր անձանց նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կսահմանվի։ Եթե պոչամբարը լցված է, եթե առաջացրել է նման խնդիր, ապա շահագործող ընկերությունը այն կառավարելու հստակ պլան պետք է ներկայացնի։ Այս պահին 21 պոչամբար կա երկրում»։ Նախարարն անդրադարձավ նաեւ այս տարի Խոսրովի, Բյուրականի անտառներում բռնկված հրդեհներին` նշելով, որ քրեական գործեր են հարուցվել եւ ինքը ոչ միայն իրավասու չէ, այլեւ չի տիրապետում գործի հանգամանքներին։ Ամուլ սարի հետ կապված, Արծվիկ Մինասյանի խոսքով, չհիմնավորված մեղադրանքներ են հնչում իրենց հասցեին. «Մենք ունենք ծրագիր, որ անցնել է ՇՄԱԳ փորձաքննություն։ Մենք ցանկացած պահի իրականացնելու ենք փորձաքննություն, իսկ ընկերությունը եռամսյակը մեկ անգամ իրականացնելու է ուսումնասիրություն ու ներկայացնելու է մեզ»։ Սպանված կենդանիների, մասնավորապես սպիտակ անգղի պատմության հետ կապված նախարարի վերաբերմունքը հստակ էր. «Նրանք ինքնահաստատվող մարդիկ են։ Այդ մարդիկ նաեւ հոգեբանական խնդիրներ ունեն կամ պետք է հայտնվեն այնպիսի վայրերում, որպեսզի վնաս չտան հասարակությանը։ Ոչ թե այսպիսի դեպքերն են շատացել, այլ լուսաբանումն է մեծացել։ Կենդանական աշխարհի ամբողջ կադաստրը մենք դեռ չունենք, դրա համար մեզ համար անտեսանելի է, թե այս կամ այն կենդանատեսակը որտեղ է գտնվում, որպեսզի պաշտպանենք նրան։ Դրա համար օրենսդրական փոփոխություններ են պետք, որոնք նախատեսում ենք եկող տարի»։ Բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է պետական պարտք--բնապահպանական ծրագրեր ծրագիրը, ըստ որի` այն երկրները,  որոնց մենք պարտք ենք, նրանց հետ կարող ենք գալ համաձայնության` պետական պարտքը մարել բնապահպանական ծրագրերում ներդրումներ անելով. «Այս պահին ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողով է կազմվել, Համաշխարհային բանկն էլ իր հերթին տվել է համաձայնություն։ Երկու օր առաջ հերթական աշխատանքային քննարկումը տեղի ունեցավ, եկող տարվա փետրվարի կեսին կքննարկենք բոլոր հինգ բանակցվող երկրների հետ` ամենաիրատեսական ծրագրերը ու ժամկետների բաշխվածությունը որոշելու համար։ Մեր այս` պետական պարտքի մարում բնապահպան ներդրումների հաշվին ծրագիրը մարումներ կանի թե մայր գումարից, թե տոկոսադրույքներից»: Ինչ վերաբերում է վերջին շրջանում սիգի ապօրինի վաճառքին ու տեսչության աշխատանքներին, ապա Արծվիկ Մինասյանը նշեց, որ սիգը երբեք էլ չի թույլատրվել վաճառել. «Բանն այն է, որ սիգի որսի ժամանակ որսվում է մոտ 12 տոկոսի այլ ձկնատեսակ, որը թույլատրելի չէ։ Անցած տարվա փորձը ցույց տվեց, որ դրական զարգացում ունեցանք, երբ արգելեցինք ձվադրման այս շրջանում սիգի որսը։ Արդյունքում ունեցանք սիգի 13-14 տոկոսի աճ։ Խստացումը վերաբերում է այս շրջանում ջուրը չմտնելուն ու որս չանելուն։ Ի դեպ, ապօրինի որսած շատ ձկներ վաղուց պահվել են սառնարաններում եւ միայն հիմա են հանվել վաճառքի. «Կոչ եմ անում ազգաբնակչությանը` զսպել սիգ ուտելու ախորժակը։ Այս զսպումը հետագայում բերելու է ձկնապաշարի ավելացմանը, որը կբավարարի բոլորի` սիգ ուտելու ախորժակը»: