Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե աջակողմյան ղեկով մեքենաները վտանգավոր են, ուրեմն եղածների շահագործումն էլ պետք է արգելվի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
car-1

«Մեդիա կենտրոնում» այսօր քննարկում էր կազմակերպվել «Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելք. փոփոխությունների դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները» թեմայով: «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ Արթուր Խաչատուրյանը չի կարծում, որ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքը պայմանավորված է անվտանգության հարցերով: «Վարորդը մեքենան կայանելիս եւ վարելիս առաջնորդվում է հայելիներով, եւ դա կապ չունի ղեկի դասավորման հետ: Որոշումն  ուղղված է երթեւեկությունը թեթեւացնելուն, արգելելով փորձ է արվում քչացնել մեքենաների քանակը»: Արթուր Խաչատուրյանը գտնում է, որ այս կերպ հնարավոր չէ լուծել խիտ երթեւեկության հարցը: Մյուս պատճառն, ըստ բանախոսի, տնտեսական շահն է: «Սա արվում է, որ մարդիկ այսուհետ ավտոսրահներից գնեն թանկ մեքենաներ»:  «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն իր խոսքում նշում է. «Եթե իսկապես կառավարությունը փորձում է անվտանգության հարց լուծել, ապա ոչ թե ներմուծումը պետք է արգելի, այլ ապրիլի 1-ից թող  այդ մեքենաների շահագործումն արգելվի»:  Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշում է, որ ձախակողմյան եւ աջակողմյան մեքենաների շահագործման տարբերությունը առաջանում է միայն վազանց կատարելու ժամանակ, որովհետև վազանց կատարելիս ավելի մեծ տարածություն պետք է, այլ խնդիր չկա: «Այստեղ խնդիրն այն է, որ աջակողմյան ղեկ ունեցող տրանսպորտային միջոցն ավելի էժան է, քան ձախակողմյանը, որի արդյունքում էժան ապրանքն իրացվում է, իսկ դիլերներն իրենց ապրանքները չեն կարողանում վաճառել: Դիլերներն  ազդում են պետությունների ղեկավարության վրա, որի արդյունքում էլ պետության ներսում արգելում են ավելի էժան՝ աջակողմյան ղեկով ավտոմեքենաները շահագործել: Բոլոր պետություններում է այդպես, ոչ միայն Հայաստանում»,-ասաց Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլից Հայաստան աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը e-draft.am կայքում  քննարկման է դրել կառավարության որոշումների մի փաթեթ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկով մեքենաների  ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը ՀՀ-ում: Ոստիկանության նախնական հաշվարկով՝ Հայաստանում շահագործվում է ավելի քան 30 հազար աջ ղեկով մեքենա։