Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը ներկայացրեց հերթական հանձնարարականների փունջը

Քաղաքականություն
karen-kara-1

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը ավանդույթի համաձայն սկսեց հանձնարարականներով։ Առաջին հանձնարարականը վերաբերում էր Ամանորի շեմին գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողության խստացմանը. «Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը: Նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ` հանրության շրջանում առկա մտահոգությունները, ՏՄՊՊՀ նախագահին առաջարկում եմ Ամանորի նախաշեմին խստացնել վերահսկողությունը գերիշխող դիրք ապրանքների շուկայում գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաեւ` իրականացնել ամենօրյա մոնիթորինգ` շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկացնելու եւ հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար»: Հաջորդ հանձնարարականը վերաբերում էր Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների երկրորդ փուլին. «Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար»:  Տարածքային կառավարման ու զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, ՊԵԿ նախագահին, Կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու ջրպետկոմի նախագահին նա հանձնարարեց երկամսյա ժամկետում տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության 2-րդ փուլի անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման ուղղությամբ: Ինչպես նաեւ` ԱԳ ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին վարչապետը հանձնարարեց շարունակել աշխատանքները՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Մեղրիի ազատ տնտեսական գոտու առավելությունների, առևտրային հնարավորությունների, ինչպես նաև` բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով: Սուրեն Կարայանին էլ հանձնարարվեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել կառավարություն: Վերջին հանձնարարականը վերաբերում էր ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացին. «Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություններ։ Ներկայումս գործող կարգավորումները հաշվի առնելով՝ հնարավոր ֆինանսական բեռը նշված անհամապատասխանելիությունների վերացման համար սահմանել արտոնություններ՝ նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար, սակայն չտարածելով դրանք նախկինում կառուցվածքների վրա»: Նա նշեց նաեւ, որ նման շինությունների օրինականացման խթանման դեպքում ակնկալվում է նաև տեղական բյուջեի և այլ վճարների ավելացում: Վարչապետը գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, անշարժ գույք կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառապես Սևան Ազգային պարկի տարածքի, ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ: