Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփին զեկուցելու են, թե ով է քվեարկել ընդդեմ ԱՄՆ-ի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
trump-1

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պատրաստվում է հինգշաբթի օրը գումարել արտակարգ նիստ՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրաելի մայրաքաղաք ճանաչելու դեմ բանաձևը քննարկելու համար: ՄԱԿ-ում Պաղեստինի բանագնաց Ռիադ Մանսուրը հույս է հայտնել, որ բանաձևը կստանա համապատասխան աջակցություն: Բանաձևը, որն Անվտանգության խորհուրդ էր ներկայացրել Եգիպտոսը, արգելափակվել էր ԱՄՆ-ի կողմից վետոյի ենթարկվելու արդյունքում։ Խորհրդի մյուս 14 երկրները կողմ էին հանդես եկել բանաձևի ընդունմանը: Գլխավոր ասամբլեայի բանաձևերը չունեն պարտադիր իրագործելի ուժ, սակայն կարող են առաջ բերել քաղաքական հետեւանքներ։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին քվեարկությունից առաջ զգուշացրել է, որ նախագահ Թրամփի կարգադրության համաձայն ինքը հետևելու է բոլոր երկրների քվեարկությանը և զեկուցելու է նախագահին, թե ՝՝ով է քվեարկել ընդդեմ ԱՄՆ-ի՛՛։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կրճատել այն երկրների ֆինանսական օգնությունը, որոնք անհամաձայնություն են հայտնել Երուսաղեմի հարցով Սպիտակ տան տեսակետի հետ։ «Ինձ դուր է եկել Նիկիի հայտարարությունը ՄԱԿ-ում՝ հասցեագրված բոլոր այն երկրներին, որոնք մեզնից գումար են վերցնում, իսկ հետո քվեարկում մեր դեմ Անվանգության խորհրդում կամ պոտենցիալ կերպով՝ Գլխավոր Ասամբլեայում։ Նրանք մեզնից հարյուր միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր դոլարներ են վերցնում, իսկ հետո մեր դեմ քվեարկում։ Ինչ արած, մենք հետևում ենք այդ քվեարկությանը։ Թող քվեարկեն մեր դեմ, մենք դրանից միայն լավ կխնայենք։ Մեզ համար միևնույնն է»,-ասել է նա։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշման հակառակորդները հայտարարում են, որ այն հակասում է ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությանը, ըստ որի, Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի իսրայելցիների և պաղեստինցիների բանակցությունների արդյունքում: Պաղեստինյան կողմը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն այլևս չի հանդիսանում խաղաղ կարգավորման գործընթացի հուսալի կողմ: Թրամփի վարչակազմն իր հերթին հայտարարել է, որ շարունակում է հավատարիմ մնալ երկու պետություն մոտեցմանը, և դեսպանության գտնվելու վայրը չպետք է խոչընդոտի խաղաղության գործընթացը: