Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ով դհոլ կխփի, ով սթեփ կպարի դահլիճում` իրանց պրոբլեմն ա». Էդ. Շարմազանով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharmazanov-2

Ծառուկյանական պատգամավորներն Ազգային Ժողովի միջանցքներում խուսափում էին լրագրողներին բացատրել, թե ինչպես Նապոլեոն Ազիզյանը կողմ քվեարկեց «Դատական օրենսգրքին», երբ ամբողջ խմբակցությամբ որոշել էին չմասնակցել քվեարկությանը։ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշում է. «Նապոլեոն Ազիզյանը քիչ առաջ 10-20 րոպե առաջ դիմումը տվեց քարտուղարություն, որ ինքը չի մասնակցել քվեարկությանը, որի մասին նախօրոք տեղեկացրել է»: Հիշեցնենք, որ այսօր «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քվեարկությունից առաջ Ելքը եւ «Ծառուկյան» խմբակցությունը որոշեցին բոյկոտել քվեարկությունը, սակայն Նապոլեոն Ազիզյանի սեղմած «կողմ» կոճակը որոշեց քվեարկության ելքը: Ազիզյանն ասում է, որ կոճակը պատահական է սեղմել. «Ես չէի քվեարկել, ձեռս կպել ա ուղղակի»: Մի քանի րոպե հետո սակայն պարոն Ազիզյանը խոստովանում է, թե ինչու է իր ձեռքը պատահաբար կպել հենց «կողմ» կոճակին: Դա նախապատմություն ունի. «Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ Ելքի խաղալիքն եմ, ես ոնց կուզենամ կքվեարկեմ, ըտենց էլ կարտահայտեմ, ըտենց էլ ձեզ կասեմ: Մինչեւ էդ «Ծառուկյանը» դաշինքը որոշել էր կողմ քվեարկել»: Պարոն Ազիզյանն արդեն դիմում է ներկայացրել խորհրդարանի քարտուղարություն, որ իր քվեարկությունն անվավեր ճանաչեն: Քարտուղարությունից ասում են՝ մտքիցդ հանիր անվավեր ճանաչելու գաղափարը։ Թաթուլ Սողոմոնյանը պարզաբանում է. «Կանոնակարգի 60 հոդվածը հստակ ասում ա՝ երբ որ Ազգային Ժողովի նիստը վարողը ինքը հայտարարում ա արդյունքները, հայտարարում ա ծրարով դիմած պատգամավորի կողմ կամ դեմ լինելը, ինչպես նաեւ՝ եթե վարման կարգով որեւիցե մի պատգամավոր պատգամավոր հայտարարում ա, որ ինքը սխալ ա եղել կամ չի կարողացել քվեարկել եւ հայտարարում ա վերջնական արդյունքը, այլեւս փոփոխության ենթարակ չէ: -Իր դիմումը որեւիցե արժեք չունի՞: -Իհարկե, որովհետեւ այդ հոդվածի 7-րդ մասն ասում է՝ հայտարարելուց հետո վիճարկման ենթակա չէ»: Հանրապետական Էդուարդ Շարմազանովին քիչ է հետաքրքրում, թե ինչ գործողություններ են ձեռնարկվել քվեարկությունից հետո դրսում: Նա հաստատում է, որ վերաքվեարկություն չէր կարող լինել, որովհետեւ ոչ Նապոլեոն Ազիզյանը, ոչ էլ Ծառուկյան խմբակցությունը վարման կարգի վերաբերյալ որեւէ բողոք չեն ներկայացրել քվեարկությունից անմիջապես հետո. «Նախագահությունը պարտավոր է վերանայել քվեարկության արդյունքները բացառապես այն ժամանակ, երբ պատգամավորը, որը սխալ է քվեարկել կամ չի քվեարկել, կամ նրա քաղաքական ուժը հայտարարություն է անում վարման կարգի վերաբերյալ, որ նրանք շփոթվել են եւ պահանջում են նոր վերաքվեարկություն»: Պարոն Շարմազանովը հիշեցնում է, որ վարման կարգի վերաբերյալ խոսել են Վահագն Մախմուդյանը, որի կոճակը չի աշխատել, ինչպես նաեւ «Ելք» խմբակցությունը, որոնք իրենց չքվեարկելուց չեն բողոքել. «Մնացածը ում դուրը կգա, ում դուրը չի գա, ով դհոլ կխփի, ով սթեփ կպարի դահլիճում, իրանց պրոբլեմն ա»: Այս քվեարկությունից հետո կարծես թե դժվարին վիճակում է հայտնվել «Ծառուկյան» դաշինքը: Արդյո՞ք նրանք նախկինի նման պնդում են, որ իրենք ընդդիմադիր ուժ են։ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը միայն ասում է՝ «Մեկնաբանություն չկա»: Ի դեպ, որոշ տեղեկություններով, Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունից հետո վիճաբանություն է տեղի ունեցել խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Արթուր Մանուկյանի միջեւ: Նրանք նույնիսկ քաշքշել են իրար: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը դա հերքել է: