Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրա խաչքարերը տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում

Հասարակություն
Artak-Hambardzumyan

«Խաչքարագործությամբ զբաղվելն ինձ համար անբացատրելի հոգևոր բավարարվածություն է»,-ասում է խաչքարագործ Արտակ Համբարձումյանը։ Այս գործով նա սկսել է զբաղվել դպրոցական տարիքից՝ 8-րդ դասարանից։ Աշխատանքի ուսուցման դասին անտաշ մի քարին մի խաչքար է փորագրել, որն այնքան հաջող է ստացվել, որ տեղադրել են դպրոցի թանգարանում։ Հետո սկսել է խորանալ ու լուրջ ուսումնասիրել արվեստի այս ճյուղը, կատարելագործվել է հորեղբոր՝ խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի մոտ։ 2017 թվականի ամռանը արվեստագետն Ուկրաինայում մասնակցել է Ուկրանիայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի կազմակերպած խաչքարագործության ցուցահանդեսին, որում ներկայացված աշխատանքներից 8-ը իրենն են եղել։ Սա առիթ դարձավ, որպեսզի «Հայոց զոհերի անմեղ հիշատակին» խորագիրը կրող խաչքարը երեկ տեղադրվի Ուկրաինայի Հերսոն քաղաքում։ Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ ցուցահանդեսի կազմակերպիչները նախատեսել են ցուցահանդեսի բոլոր խաչքարերը տեղադրել Ուկրաինայի տարբեր շրջաններում։ Արտակ Համբարձումյանի հեղինակած խաչքարերի մեծ մասը Ցեղասպանության կամ բարեկամության խորագիրն ունեն, և նրա աշխատանքները տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում՝ եկեղեցիների բակերում՝ Ռուսաստան, Խորվաթիա, Գերմանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Ավստրալիա և այլն։ Դեռ բազմաթիվ էսքիզներ ունի, որոնց պատրաստվում է կյանք տալ։ «Երևի որ 2-րդ անգամ ծնվեի, էլի խաչքար կքանդակեի։ Գծված էսքիզները կյանքի կոչելու շարժառիթն ա ինձ ոգեշնչում»,- ասում է խաչքարագործը։