Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԾՖ-ն 50 հազար եվրո տուգանքից բացի, պարտավորվել է դոպինգ ստուգումներ անցկացնել (տեսանյութ)

Սպորտ
sport-shtanga-19.12.

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պատրաստ է կատարելու միջազգային ֆեդերացիայի բոլոր պահանջները, որպեսզի մեր ծանրորդների որակազրկումը թեթեւացվի: «Բացի նրանից, որ մենք 50 հազար եվրո տուգանք ենք վճարելու միջազգային ֆեդերացիային, նաեւ պարտավորվել ենք, որ մեր մարզիկները մրցումներից առաջ նվազագույնը երեք դոպինգ ստուգում անցնեն: Դա անում ենք նրա համար, որպեսզի միջազգային ֆեդերացիան կրճատի որակազրկման ժամկետը եւ մերոնք կարողանան մասնակցել միջազգային մրցաշարերի: Հակառակ դեպքում շատ դժվար կլինի մեկ տարի անց մասնակցել աշխարհի առաջնությանը», - այսօր կազմակերպված մամուլիս ասուլիսին ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Ամփոփելով 2017 թվականի արդյունքները, փորձառու մասնագետն այն հաջողված համարեց: «Մենք ընդհանուր առմամբ նվաճել ենք 80 մեդալ, որից 36-ը` ոսկե: Դրանց թիվը ավելի մեծ կլիներ, եթե մենք մասնակցեինք Անահայմում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ մենք 9 մեդալների էինք հավակնում: Օրինակ, Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում ցույց տված արդյունքներով կդառնար աշխարհի չեմպիոն եւ երեք ոսկե մեդալ կնվաճեր: Ավաղ, նախկինում մեր մարզիկների եւ մարզիչների կողմից թույլ տրված սխալների համար մեզ զրկեցին այդ հնարավորությունից», - ասաց ֆեդերացիայի գլխավոր մասնագետը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ 2018թ հունվարի 15-ից ծանրամարտի Հայաստանի հավաքականները կսկսեն պատրաստվել նոր մրցաշրջանին, կանցկացնեն ուսումնամարզական հավաքներ, փետրվարին կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Պատանեկան եւ երիտասարդական հավաքականները կպատրաստվեն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, որոնք կայանալու են համապատասխանաբար Իտալիայում եւ Ուզբեկստանում: