Համերգ ինքնաթիռում. «Մուղդուսյան արվեստի կենտրոնը» 3 տարեկան է
Ժողովրդական արվեստի կենտրոնում այսօր նշվեց «Մուղդուսյան արվեստի կենտրոն»-ի 3-ամյակը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին կենտրոնի սաների աշխատանքները՝ կարպետ, խեցեգործություն, գեղանկար, քանդակ: Ցուցադրությանը մասնակցեցին նաև Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի երեխաները: Ցուցահանդես-վաճառքի հասույթը ուղղվելու է կենտրոնի՝ հատուկ կարիքներով երեխաներին: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև դեկտեմբերի 20-ը: Կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանը, լրագրողների հետ զրույցում իրենց երեք տարվա ձեռքբերումը համարեց կենտրոնի սաների ձեռքբերումը. «Այս ընթացքում արդեն ունենք կայացած «Նաիրյան վոկալ անսամբլը», որը արդեն պրոֆեսիոնալ խումբ է, երգում են հնգաձայն ակապելլա: Միջոցառումների ընթացքում ընդունել ենք հազարից ավելի երիտասարդների: Այս պահին ունենք թվով 60 սան, որից 40-45-ը գրանցված են մեզ մոտ ու սիստեմատիկ հաճախում են մեր կենտրոնի դասերին՝ անվճար հիմունքներով: Մյուս ձեռքբերումներից է նաեւ այն, որ մեր համաքաղաքացիների շնորհիվ կարողանում ենք հոգալ մեր սաներից ոմանց ճանապարհածախսը»: Արվեստի հիմնական խնդիրը շարունակում է մնալ տարածքի վարձակալությունը: Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ հարցը մինչ օրս կարողացել են լուծել միայն սեփական ուժերով. «Եթե անկեղծ լինեմ, մենք այլեւս որեւէ մեկին չենք դիմում. պետական մարմիններից մենք շատ մերժումներ ունենք: Հետեւաբար, ավելի շատ քաղաքացիական նախաձեռնությունների շնորհիվ ենք կարողանում լուծել խնդիրները, եւ ամեն ամիս, կարելի է ասել, մենք գոյատեւում ենք հրաշքի շնորհիվ ու այսպես արդեն երեք տարի: Անշուշտ, դրանից որեւէ մեկս չենք չարանում, չենք բողոքում»: Կենտրոն հաճախում են ինչպես 5-17 տարեկան երեխաները, որոնք սովորում ու ծանոթանում են արվեստի տարբեր ճյուղերի հետ, այնպես էլ մեծահասակներ, որոնք գալիս են երեկոյան ժամը 19:00-ից հետո թե դասընթացների, թե քննարկումների, թե կինոդիտումների: Գործում է 5 ուղղվածության դասարան՝ կարպետագործության, խեցեգործության, գեղանկարչության, քանդակի եւ վոկալի: Բացի ցուցահանդես-վաճառքից, Մուղդուսյան արվեստի կենտրոնի մանկական վոկալ խմբակի փոքրիկ սաներն ու «Նաիրյան վոկալ անսամբը» կատարեցին կոմիտասյան եւ ժողովրդական մշակումներ: Կենտրոնի համահիմնադիրներից «Նաիրյան վոկալ անսամբլի» հիմնադիր Նաիրա Մուղդուսյանն իրենց անսամբլի ստեղծումը համարում է երազանքի իրականացում. «Եթե երազում ես ու գնում ես քո երազանքի հետեւից, ապա այն կարող է կատարվել: Արդյունքում, հավաքվեց հավատարիմ համախոհների մի թիմ, որը արդեն երկու տարի շաբաթական 4 անգամ երկու ժամ տեւողությամբ անցկացնում ենք ուսուցում: Այն անում ենք հանուն սիրո: Չունենք ֆինանասավորում, սակայն ի սկզբանե գիտեինք՝ ինչի առջեւ ենք կագնելու եւ ինչ նպատակներ, երազանքներ ունենք: Վերջին մեկ տարում առավել ակտիվ եղավ մեր գործունեությունը. այն եղավ շրջադարձային: Մասնակցել ենք երեք փառատոնի՝ «Արտֆեստ» միջազգային փառատոնին, որի ժամանակ ճանաչվել ենք լավագույնը, երգել ենք նաեւ «Կոմիտաս» փառատոնին, որտեղ, թեեւ մրցութային չէր, սակայն մեծ սիրով ենք մասնակցել, քանի որ մեր երգացանկը հիմնականում բաղկացած է Կոմիտասի երգերից: Ինչպես նաեւ՝ ամռանը Երեւանում անցկացվեց «Գլոբալարտ» միջազգային փառատոնը: Ժյուրին Սանկտ Պետերբուրգից, ու մենք շատ զարմաանք, երբ ստացանք գրան պրի մրցանակը: Այս մրցանակը մեզ հնարավորություն տվեց՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք սուպերֆինալին: Մենք գրավեցինք առաջին տեղը»: «Նաիրյան վոկալ անսամբլի» կատարողների հուզմունքն ու ոգեւորությունն այնքան մեծ էր, որ այն շարունակվել է նաեւ տունդարձին՝ ինքնաթիռում: «Ինքնաթիռում մրցանակը բարձր պահած նստած էինք, ուղեւորները նկատեցին ու սկսեցին հետաքրքրվել: Մենք պատմեցինք մեր հաղթանակի մասին ու մինչ վայրէջքը՝ շուրջ մեկ ժամ, մենք ակապելլա երգեցինք: Ծափերը չէին դադարում: Սա մեր, Մուղդուսյա նարվեստի կենտրոնի հաղթանակն է» : Անսամբլն արդեն հրավերներ ունի Մոլդովայից, Բելառուսից: