ՀՀ պետական պարտքը դեռ չունի 50 կամ 60 տոկոսի վտանգ. ինչի՞ համար է նոր նախագիծը (տեսանյութ)

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունները։

Նախարարը նշեց` եթե պետական պարտքը գերազանցում է կապիտալ ծախսերը, քան դեֆիցիտն է, ապա այստեղ գործելու են որոշակի կանոններ։ Օրինակ` երբ պետական պարտքը կգերազանցի 40 տոկոսի շեմը, ապա այս դեպքում Կառավարությունը պետք է հաշվետու լինի հասարակությանը, թե ինչ քայլեր է նախաձեռնելու. «50 տոկոսի գերազանցման դեպքում կոշտացվում է կանոնը` ընթացիկ ծախսերի հետ կապված։ 60 տոկոսի գերազանցման դեպքում ավելի կոշտացնում ենք ներդրված կանոնը։ Նշեմ, որ ՀՀ պետական պարտքը դեռ չունի 50 կամ 60 տոկոսի վտանգ։ Առավելագույն այս շեմերը ընդունելի են միայն բացառիկ դեպքերում, դրանք են` տարերային աղետները, պատերազմը, ճգնաժամը։ Այս բացառությունները կսահմանենք Կառավարության որոշմամբ»:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց. «2018թ. անցնելո՞ւ ենք 60 տոկոսի շեմը, նաեւ` ներգրավված վարկային միջոցները ինչպե՞ս են օգտագործվել ձեր ղեկավարման ժամանակ։ Եթե արդյունավետ չեն օգտագործվել, ապա ինչո՞ւ»:
Վարդան Արամյանը նշեց, որ դրա համար չափողականության գործիքներ պետք է ունենանք. «Դրա համար էլ ներդրել ենք ծրագրային բյուջետավորման գաղափարը։ Անարդյունավետության վերացումը անհնարին է, քանի որ այն անընդհատ բարելավման կարիք ունի։ Այս պահին մեր պետական պարտքը կազմում է 54,5 եւ 1 տոկոսային կետով 2018թ. այն նվազեցնելու ենք»:

Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց` արդյոք այս նախագիծն անհրաժե՞շտ է ընդունել նրա համար, որ նոր պարտքեր վերցնենք ու դրա համար մեր օրենսդրությունը պետք է համապատասխանի դրան։ «Սա ոչ թե նոր պարտքեր վերցնելու նոր հնարավորություններ ընձեռելու մասին նախագիծ է, այլ ընդամենը կանոն ենք սահմանում։ Մեր վարկային քաղաքականությունը պետք է լինի հակացիկլիկ»,-պարզաբանեց Վարդան Արամյանը։
Էդմոն Մարուքյանը նկատեց. «Ստացվում է` մինչեւ հիմա վերցրած վարկերն անտրամաբանակա՞ն են եղել»:
Վարդան Արամյանը հերքեց այդ մոտեցումը։