Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկային տեսուչը սխալ ակտի համար չի պատժվի (տեսանյութ)

Քաղաքականություն
Aj-tntesakan

Եթե hարկային ծառայողի վարչարարության հետևանքով տնտեսվարողը վնաս է կրել, ապա այն հատուցվելու է ծառայության նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի միջոցներով: Սա՝ ըստ «Հարկային ծառայության մասին» օրենքի նոր փոփոխությունների: Բացի այդ, եթե այդ միջոցները չեն բավարարում, փոխհատուցումը լինում է Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ եթե ակտը ճիշտ չի կայացվել, ինչո՞ւ պետք է հարկային ծառայողը ստանա խրախուսում՝ անձամբ վնասը փոխհատուցելու փոխարեն. «Ասենք, ձեր հարկային տեսուչը վերադասի դրդմամբ այսինչ ընկերության վրա պետք է ակտ գրի: Եթե ինքը հասկանա, որ անհատական պատասխանատվություն է կրում, կարող է ասի՝ ես պատրաստ չեմ սխալը կրելու, ձեր պատվերը կատարելու: Սակայն, երբ գիտի, որ պատասխան է տալու ինչ-որ խրախուսման ֆոնդ, ապա կասի՝ թող պատասխան տա, ի՞նձ ինչ: Այսինքն, անհատական պատասխանատվության ինստիտուտն ինչո՞ւ չենք կիրառում, որ այլեւս չկարողանան որեւէ մեկին պատվերով ակտ գրել տալ»:  «Էդ պարգեւատրումները մարմնի բոլոր աշխատակիցները ստանում են լավ վարչարարության արդյունքում, վատ վարչարարության արդյունքում, անկախ նրանից՝ ով է մեղավորը, բնականաբար այդ միջոցներից պետք է գնա»,- պարզաբանեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը նաեւ պարզաբանեց, թե ով է իրականում մեղավոր՝ տնտեսվարո՞ղը, թե՞ հարկային տեսուչը, դա թողել են դատարանների քննությանը, քանի որ օրենքում նման դրույթ ֆիքսելը շատ վտանգավոր է.  «Ամբողջ աշխարհում քննարկվում է հետեւյալ թեզը՝ եթե նմանատիպ օրենքով կոշտ մեխանիզմներ ես դնում, տնտեսվարողին ստուգող տեսուչը երբեք շարժառիթ չի ունենա գնա ու տվյալ սուբյեկտի վրա ակտ գրի: Ինչո՞ւ, որովհետեւ կասի՝ Աստված չանի, քիչ է՝ մի հատ վաղը-մյուս օր ինձ աշխատանքից հանելու են, դատելու են, մի հատ էլ նյութական խնդիրներ եմ ունենալու՝ երեխաներս, ամեն ինչս ընկնելու են պրոբլեմի տակ, պետք է իմ քթից դուրս գա: Այդ մարդու վարքագիծը լինելու է այն, որ ինչ տեսնի, թաքցնելու է»: Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին օրենքի նոր փոփոխությունները գոհացրել էին, քանի որ դրանք բխում են տնտեսվարողի շահերից. «Էն հանգամանքը, որ տնտեսվարող սուբյեկտին վնաս է պատճառվել, հետո այդ վնասն ապացուցվել է, տնտեսվարող սուբյեկտը մի հատ էլ պետք է սպասի՝ դատական ակտով ապացուցվի՝ ով է մեղավոր, նոր նրանից փողը վերցնեն, տան: Էս ահռելի ժամանակ է: Դրա համար պետություն, քո աշխատողն է մեղավոր, դու քո բյուջեից իմ փողը տուր, հետո քո աշխատողի հետ քո խնդիրը լուծի»: «Հարկային ծառայության մասին» օրենքի նոր փոփոխությունները դրվեցին քվեարկության: Հանձնաժողովի ներկա 10 պատգամավորից կողմ էր 7-ը: Դեմ էին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Մերուժան Սիմոնյանը: Այնուամենայնիվ, նախագիծը դրական եզրակացությամբ մտավ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: