Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԻ հայտարարությունը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ

Քաղաքականություն
TI

Այս տարի դեկտեմբերի 9-ին աշխարհում արդեն 14-րդ անգամ նշվելու է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Կոռուպցիան լուրջ հանցագործություն է, որն ունակ է խաթարել քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումը ցանկացած երկրում: Ըստ ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գնահատականների՝ ամեն տարի աշխարհում վճարվում է 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով կաշառք, իսկ թալանված գումարների չափը գնահատվում է 2.6 տրիլիոն դոլար, որը հավասար է համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելի քան 5 տոկոսին: Համաձայն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գնահատականների՝ զարգացող երկրներում կոռուպցիայի արդյունքում թալանված գումարները 10 անգամ գերազանցում են զարգացման նպատակով այդ երկրներին տրամադրվող օգնությունը:   Հարկ է արձանագրել, որ Հայաստանում կոռուպցիայի վիճակի առումով 2017 թվականին  գրանցվել է որոշակի սահմանափակ առաջընթաց՝ կապված օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների հետ: Ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք պատշաճ կիրարկման դեպքում կարող են զգալի դրական ազդեցություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում: Դրանցից են «Ազդարարման համակարգի մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքները, «Հանրային ծառայության մասին» օրենքում արված փոփոխությունները և այլն: Այս օրենքներով նաև հիմք է դրվել պետության հակակոռուպցիոն քաղաքականության` միջազգային չափանիշներին համապատասխանող ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման համար:    Միևնույն ժամանակ, 2017թ.-ին երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղ գտած մի շարք զարգացումներ և փաստեր գալիս են ապացուցելու, որ իրականությունը շարունակում է էապես տարբերվել գրված  օրենքներից և ներկայացված խոստումներից: Այս հակադրությունը թերևս առավել ակնհայտ դրսևորվեց 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ քաղաքական կոռուպցիայի համատարած դրսևորմամբ: Կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքի բացակայության տիպիկ դրսևորում էր պաշտոնեական դիրքի չարաշահումներով սկանդալային և հանրային հնչեղություն ստացած գործերի կարճումը և դրանց փաստացի, կոծկումը: Այդպիսի կոծկված դեպքերի շարքից էին պանամական թղթերի «հերոս», ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորյան պատմության բացահայտումից հետո իշխող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում նրան ներգրավելը, 114 նախակրթական և հանրակրթական հաստատությունների ղեկավարների կողմից իրենց ծառայողական դիրքն օգտագործելով՝ հօգուտ իշխող կուսակցության պոտենցիալ ընտրողների ցուցակագրումը, և այդ գործընթացում վերադաս կառույցների պաշտոնյաների ներգրավումը, ՍԱՍ ընկերության աշխատակիցների նկատմամբ նախընտրական քարոզարշավի ժամանակ ճնշումների գործադրումը, ինչպես նաև վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահման և ընտրակաշառքի բաժանման բազմաթիվ այլ դեպքեր:   Հարկ է նշել, որ հատկապես արատավոր ընտրական պրակտիկան, իրավապահ մարմինների անգործությունն ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց անպատժելիությունն է, որ մեծապես նպաստում են Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակի վերաբերյալ ընկալումներին, և դա է պատճառը, որ, չնայած կառավարության կողմից գործադրվող որոշակի ջանքերի, տարիներ շարունակ կոռուպցիայի հաղթահարման առումով հանրային և փորձագիտական ընկալումներում չկա էական առաջընթաց: Թրանսփարենսի Ինթերնեշնլ, Համաշխահային Բանկ, Ֆրիդոմ Հաուզ հեղինակավոր կազմակերպությունների կոռուպցիայի ընկալման բարձր ցուցանիշներին վերջերս լրացնելու են եկել այլ կազմակերպությունների դիրքորոշումներ: Մասնավորապես, ս.թ. նոյեմբերի 20-ին Հազարամյակի մարտահրավերների կորպորացիան, հերթական անգամ հրապարակելով Հայաստանի գնահատման քարտը, ցույց տվեց, որ Հայաստանը ևս մեկ տարի չի կարողանալու օգտվել նրա ֆինանսավորումից հենց կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով՝ դրանով ուղերձ հղելով Հայաստանի իշխանություններին իրական քայլեր ձեռնարկել կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ: Տառացիորեն մի քանի օր առաջ Եվրամիության (ԵՄ) երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը Հայաստանին ներառեց այսպես կոչված «մոխրագույն» ցուցակում, որում ընդգրկված 47 երկրների հարկային օրենսդրությունը չի համապատասխանում ԵՄ թափանցիկության չափանիշներին: Իրավիճակը փոխելու առումով, թերևս, հուսադրող են Եվրամիություն-Հայաստան համակողմանի և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած մեր երկրի պարտավորությունները, ինչպես նաև այն, որ միջազգային հանրությունը սկսել է առավել լրջորեն վերաբերվել տվյալ խնդրին և հայաստանյան իշխանություններից պահանջել կոնկրետ արդյունքներ կոռուպցիայի դեմ պայքարից:   Բացի միջազգային պարտավորությունները բավարարելու պահանջից, միանշանակ է, որ քանի դեռ Հայաստանում առկա է կոռուպցիայի բարձր մակարդակ, չի կարող լինել քաղաքական, տնտեսական ու սոցիալական էական առաջընթաց: Այս համատեքստում, չեն կարող ապահովվել 2007թ.-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված անվտանգության երաշխիքները, որոնք են՝ ·         պետական կառավարման համակարգի արդյունավետությունը ·         իրավունքի գերակայության ապահովումը ·         ժողովրդավարական արժեքների արմատավորումը ·         դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը ·         զինված ուժերի մարտունակությունը ·         անվտանգության և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը ·         արդյունավետ միջազգային ներգրավվածություն ապահովող արտաքին քաղաքականությունը ·         սոցիալական արդարության ապահովումը: Ակնհայտ է, որ կոռուպցիան ուղղակիորեն վտանգում է այս երաշխիքները, ուստի պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիք: ՀՀ իշխանությունների պարտականությունն է լուրջ քայլեր ձեռնարկել՝ կոռուպցիան արմատախիլ անելու և վերացնելու երկրում տիրող աղքատությունը, սոցիալական անհավասարությունը, տնտեսական ու քաղաքական մոնոպոլիան և կանխելու արտագաղթը: daniel